ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ռազմական փոխադրումների մասին տեղեկատվությունը պրոպագանդիստական սուտ է, որի նպատակը հնարավոր էսկալացիայի լեգիտիմություն ստեղծելն է․ Փաշինյան

Ռազմական փոխադրումների մասին տեղեկատվությունը պրոպագանդիստական սուտ է, որի նպատակը հնարավոր էսկալացիայի լեգիտիմություն ստեղծելն է․ Փաշինյան

«Ռազմական փոխադրումների մասին տեղեկատվությունը պրոպագանդիստական սուտ է, որի նպատակը հնարավոր էսկալացայի լեգիտիմություն ստեղծելն է: Հարկ եմ համարում նորից կրկնել, որ Հայաստանը դեպի Լեռնային Ղարաբաղ ռազմական փոխադրումներ չի իրականացնում, Հայաստանը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի»,- այս մասին այսօրվա Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը խոսեց միջազգային փաստահավաք առաքելություն ԼՂ ուղարկելու մասին. «Այս փաստը ստուգելու համար ԼՂ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու առաջարկն Ադրբեջանն ինքն է մերժել 2022 թվականի հոկտեմբերի 6-ին, Պրահայում տեղի ունեցած քառակողմ հանդիպման ժամանակ, բայց այդ առաջարկն ուժի մեջ է և կարծում եմ՝ միջազգային մակարդակում այս հարցը վերջնականապես պարզաբանելու կարիք կա և դրա միջոցը Լաչինի միջանցք և ԼՂ փաստահավաք խումբ գործուղելն է: Իսկ, որ ԼՂ-ում գործում է ԼՂ-ի ՊԲ, հանրահայտ փաստ է:

Այդ բանակի գոյությունն ու գործունեությունը պարզաբանվում է մի բանով՝ Ադրբեջանը ԼՂ-ի հայությանը ցեղասպանության ենթարկելու ակնհայտ նախապատրաստություններ է տեսնում, Լաչինի միջանցքը փակ է արդեն 100 օրից ավելի, ԼՂ-ի գազամատակարարումն ու էներգամատակարարումը դադարեցված են, ԼՂ-ում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիները և գյուղատնտեսական տեխնիկան պարբերաբար գնդակոծվում են ադրբեջանական զինուժի կողմից, Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությունը շարունակվում է: Մենք պետք է հետևողականորեն շարունակենք միջազգային հանրությանն իրազեկել այս մասին և աշխատենք միջազգային համապատասխան մեխանիզմների գործարկման ուղղությամբ»:

  • Կիսվել: