երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Ռազմահայրենասիրության վարչությունը պատրաստ է անցնել ակտիվ աշխատանքի. ՌԵՍԶ նախարարի տեղակալ

Ռազմահայրենասիրության վարչությունը պատրաստ է անցնել ակտիվ աշխատանքի. ՌԵՍԶ նախարարի տեղակալ

Նորաստեղծ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի ու զբոսաշրջության (ՌԵՍԶ) նախարարության ռազմահայրենասիրության վարչությունն այս ընթացքում կազմավորման փուլում էր՝ հստակեցվում էին գործունեության ռազմավարական ուղղությունները, վարչության առջև դրված խնդիրներն ու իրականացման մեխանիզմները:

Այս մասին տեղեկացրել են Արցախի ՌԵՍԶ նախարարությունից։

Վարչության աշխատանքները համակարգում է ՌԵՍԶ նախարարի տեղակալ Նարեկ Գրիգորյանը:

Նրա խոսքով՝ այս պահին ամեն բան պատրաստ է, որպեսզի ռազմահայրենասիրության վարչությունն անցնի աշխատանքների իրականացման բնականոն հունի:

ԱՀ նախագահի 2020-2025թթ․ ծրագրին համահունչ կազմվել է վարչության ռազմավարությունը, մշակվել են 2020-2021թթ․ ռազմահայրենասիրական դաստիարակության ծրագրերը։

Եզրափակիչ փուլում է վարչության կանոնադրության մշակումը։

Վարչության կազմում գործում է երկու բաժին՝ ռազմահայրենասիրական դաստիարակության և ռազմահայրենասիրական միջոցառումների համակարգման: Վարչության աշխատակազմը համալրված է:

Յուրաքանչյուր բաժին ունի իր գործառույթները, որոնք բխում են ոլորտի առանձնահատկություններից, խնդիրներից ու նպատակներից:

«Ռազմահայրենասիրության վարչության գործունեությունը առավելապես ուղղված է լինելու ռազմահայրենասիրական դաստիարակության կայուն զարգացման ապահովմանը դպրոցականների, ավագ դասարանի աշակերտների, պատանիների և երիտասարդների շրջանում՝ նպաստելով գործունյա, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ քաղաքացու ձևավորմանը, երիտասարդների՝ ՊԲ-ում ծառայելու բարոյահոգեբանական ու ֆիզիկական նախապատրաստմանը, զինվորականի մասնագիտության գրավչության մեծացմանը, հայրենաճանաչությանը, ազգային արժեքների պահպանմանը, կարգապահության ամրապնդմանը:

Տարաբնույթ միջոցառումները (արշավներ, հավաքներ, ճամբարներ, խմբակներ) նպաստելու են հայրենիքին նվիրվելու ու ծառայելու վեհ գաղափարի, հասարակության համախմբման ու կայուն զարգացման կարևորության առավել խոր գիտակցմանը: Հստակեցված է համագործակցությունների շրջանակը, կազմվել և ներկայացվել են ԱՀ պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Ոստիկանության և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության հետ համագործակցության հուշագրերը։ Պարբերաբար կազմակերպվում են հանդիպումներ հասարակական կազմակերպությունների հետ: Մի խոսքով՝ սկսվում է ակտիվ գործունեության շրջան, հուսով ենք՝ նաև արդյունավետ: Միջոցառումների մեկնարկը կտրվի շուտով»,-տեղեկացրել է Ն. Գրիգորյանը։

  • Կիսվել: