հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՔՄԴ կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են Սամվել Բաբայանի հետ (տեսանյութ)

ՔՄԴ կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են Սամվել Բաբայանի հետ (տեսանյութ)

«Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցության ներկայացուցիչները՝ կուսակցության նախագահ Արամ Հարությունյանի գլխավորությամբ, այսօր հանդիպում են ունեցել ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՔՄԴ կուսակցության նախագահ, պատգամավոր Արամ Հարությունյանն ասել է, որ հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ հետագա համագործակցության և նմանատիպ հանդիպումները պարբերական դարձնելու համար:
 
Հանդիպմանը «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը կարևորել է երիտասարդների դերը կադրային փոփոխություններում և պատրաստակամություն հայտնել երիտասարդների հետ պարբերաբար շփում ունենալ, ինչը, ըստ մեր զրուցակցի, շատ կարևոր է՝ հաշվի առնելով, որ վերջին 20 տարիներին իրենից տեղեկանում էին միայն լրատվամիջոցներից, ու անհատական շփման որևէ հնարավորություն չկար:
 
«Հաշվի առնելով, որ այսօր ունենք այդ հնարավորությունը՝ մեր կողմից առաջարկ եղավ շփումներն առավել հաճախակի դարձնելու: Բացի դրանից, հանդիպման ընթացքում բարձրացվել են տեղեկատվական անվտանգության թեմայով մի շարք հարցեր, որոնք 21-րդ դարում համարվում են լուրջ մարտահրավերներ, ինչին ի պատասխան՝ Սամվել Բաբայանը նշել է, որ դրանք գտնվում են իր դիտակետում, և առաջիկայում այդ առումով նախաձեռնվելու են հստակ գործողություններ»,- ավելացրել է Ա. Հարությունյանը:

  • Կիսվել: