ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Քամու ուժգնացման հետևանքով Արցախում արտակարգ դեպքեր են գրանցվել

Քամու ուժգնացման հետևանքով Արցախում արտակարգ դեպքեր են գրանցվել

Քամու ուժգնացման հետևանքով Արցախի հանրապետությունում արտակարգ դեպքեր են գրանցվել։ Ցիկլոնի անցմամբ պայմանավորված, մարտի 6-ին հանրապետության ողջ տարածքում նկատվել է քամու ուժգնացում, որն արտակարգ դեպքերի պատճառ է հանդիսացել։ <<911>> ծառայությունում գրանցվել է 7 կանչ։ Բարեբախտաբար տուժածներ չկան։ Մեկ քաղաքացի գույքային վնաս է կրել։
 
Մարտի 6-ին ժամը 09:51-ին ԱԻ պետական ծառայության <<911>> ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգ է ստացվել, որ մայրաքաղաքի Ազատամարտիկների 16 հասցեում ծառը կոտրվել և վնասել է կապի լարերը։
 
Մեկ այլ դեպք գրանցվել է ժամը 10:15-ին։ Ստեփանակերտ քաղաքի Չարենցի 51 հասցեում ծառը կոտրվել և վնասել է <Ford Focus>> մակնիշի ավտոմեքենան։
 
911 ծառայությունում գրանցված ահազանգերից մեկը մայրաքաղաքի Մ. Մաշտոց փողոցում ստեղծված վտանգավոր իրավիճակի մասին էր։ Ստեփանակերտ քաղաքի բնակիչը ԱԻ ծառայությանը տեղեկացրել է, որ բնակելի շենքի տանիքից կախված թիթեղը վտանգ է ներկայացնում շենքի բակով անցնող քաղաքացիներին։
 
Դեպքերի վերաբերյալ հաղորդագրությունները փոխանցվել են համապատասխան ծառայություններին և համատեղ ջանքերով կանխել սպառնացող վտանգը։
 
Մարտակերտի շրջանում ուժեղ քամի էր նաև երեկոյան ժամերին։ Արդյունքում վնասվել են բնակելի տան տանիքներ, էլեկտրասյուներ, էլեկտրալարեր, մեքենաներ և ծառեր։ Վնասի չափը ճշտվում է։
ԱԻ պետական ծառայությունը հորդորում է. քամու ուժգնացման պայմաններում մնալ շինությունների ներսում:

  • Կիսվել: