ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Բուլղարիայի նախագահը շնորհակալություն է հայտնել հայ բարերարին բուլղարացի ժողովրդի մշակույթում ունեցած մեծ ավանդի համար

Բուլղարիայի նախագահը շնորհակալություն է հայտնել հայ բարերարին բուլղարացի ժողովրդի մշակույթում ունեցած մեծ ավանդի համար

Բուլղարիայի հնագույն Պլիսկա քաղաքի "Կիրիլյան տառերի պուրակ" պատմամշակութային համալիրում տեղի է ունեցել բուլղարացի գրող` հեղափոխական Զախարի Ստոյանովի հուշարձանի բացումը:

Հատկանշական է, որ հուշարձանի բացման արարողությունն իր ներկայությամբ պատվել է Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադեւը, որը ժամանակ է գտել եւ հատել հարյուրավոր կիլոմետրեր, որպեսզի քաղաքական մայրաքաղաք Սոֆիայից հասնի մշակութային մայրաքաղաք դարձած Պլիսկա:

Իսկ մինչև վերջերս ոչնչով աչքի չընկնող Բուլղարիայի Պլիսկա գավառական քաղաքը գրեթե ոչ մի հետաքրքրություն չէր ներկայացնում, քաղաքը մշակութային նշանակություն է ձեռք բերել միայն հայ բարերար Կարեն Ալեքսանյանի շնորհիվ, ով Հայաստանից Բուլղարիա տեղափոխվելով ՝ որոշել էր բուլղարական առաջին մայրաքաղաքում կառուցել "Կիրիլյան տառերի պուրակ ", որը հետագայում վերածվեծ պատմամշակութային մեծ համալիրի՝ իր պատմության թանգարանով, ուղղափառ մատուռով և «կիրիլիցայով» ստեղծագործող գրողների պուրակով։

Պուրակում արդեն տեղադրվել են ամենատարբեր ազգությունների գրողների տասնյակ հուշարձաններ՝ բուլղարացիներ, հայեր, բելառուսներ, ռուսներ, այլ ազգություններ։ Եվ նրանց բոլորին միավորում է մեկ բան՝  նրանք ստեղծագործել են կիրիլիցայով։

Հենց հերթական հուշարձանի բացման արարողությանը՝ բուլղարացի հեղափոխական և գրող Զախարի Ստոյանովի, ժամանեց Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը, ով տպավորված հայ բարերարի կողմից կառուցված համալիրով, մասնավորապես հայտարարեց.

"Հարգելի հայրենակիցներ` Բուլղարիայում և արտերկրում,

Հենց այստեղ` այս սուրբ տեղում`  Բուլղարիայի հնագույն մայրաքաղաք Պլիսկայում վերջին տարիներին ստեղծվել է հատուկ,  ամբողջ աշխարհում նմանը չունեցող մի համալիր: Մի վայր, որը ստիպում է մեզ հպարտանալ, որ մենք բուլղարացիներ ենք։ Որն անվիճելի կերպով ևս մեկ անգամ ցույց է տալիս մեր հոգևոր ներդրումը համաշխարհային քաղաքակրթության մեջ ։

Հատկանշական է, որ այս վայրը պետական ինստիտուտների կամ իրենց հայրենիքը սիրող հարուստ բուլղարացի մեկենասի աշխատանքի արդյունքը չէ։ Պարադոքսալ է, բայց Կիրիլիցայի այս տաճարը օտարի ձեռքի գործն է, որն ընդունել է Բուլղարիան ոչ միայն փաստաթղթերով որպես երկրորդ հայրենիք, այլև որպես հոգևոր հայրենիք։

Որովհետև հենց պարոն Ալեքսանյանի մտքի, ոգեշնչման, ուժերի, միջոցների ու էներգիայի միջոցով է, որ այս ամենը դառձել է իրականություն, և այսօր մենք ՝ մեր զավակները, արտերկրից ժամանած մեր հյուրերը, մեր թոռները և հաջորդ բոլոր սերունդները, կարող են հենց այստեղ զգալ բուլղարական ոգու ուժը:

Մի փոքր, բայց հերոսական ժողովրդի ներկայացուցիչ, որին մեզ  հետ կապում է պատմականորեն շատ մոտ ճակատագիրը, մշակութային և հոգևոր մտերմությունը։ Այն, ինչ արել է պարոն Ալեքսանյանը, խորհրդանշում է մեր երկու ժողովուրդների բարեկամությունը աշխարհի առջև: Հայ քանդակագործների կողմից հայկական քարից փորագրված մեր բուլղարական տառերը, ինչպես հենց նոր իմացա, այստեղ ՝ Բուլղարիա են բերվել Հայաստանից, դրանք ընդմիշտ համախմբում է մեր երկու բարեկամ ժողովուրդներին: Այնպես որ, պարոն Ալեքսանյան, ընդունեք իմ և բոլոր բուլղարացիների խորին երախտագիտությունը և հարգանքը":

 

Նշենք, որ այս եզակի մշակութային համալիրն այցելել են բարձրաստիճան հյուրեր բազմաթիվ երկրներից, այդ թվում ՝ Բելառուսից, Ռուսաստանի, Արցախից։ Դե, իսկ բուլղարական հասարակական-քաղաքական, մշակութային էլիտայի ներկայացուցիչները այստեղ հաճախակի հյուրեր են:

Այս ֆոնի վրա հատկանշական է այն, որ համալիր ոչ մի անգամ չի այցելել Բուլղարիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը, թեև հրավիրվել է տարբեր առիթներով։ Մինչդեռ, դեսպանատունը կարող էր օգտագործել Ալեքսանյանի հարգանքն ու սերը բուլղար ժողովրդի կողմից Բուլղարիայում Հայաստանի շահերի առաջխաղացման համար, չէ որ այդ երկրում գործքւմ է ուժեղ ադրբեջանական լոբբի եւ կա մեծ թուրքական համայնք:

Հայ ժողովրդին աշխարհով մեկ սփռված պատմությունը ցույց է տալիս, որ նրա առանձին ներկայացուցիչներ տարբեր երկրներում իրենց հաջողություններով շատ հաճախ ավելի մեծ աշխատանք են կատարում, քան երկրի դիվանագիտական ներկայացուցչությունները, հանրահռչակելով Հայաստանը, նրա մշակույթը, առաջ մղելով նրա շահերը արտերկրում: Այդ մարդիկ դառնում են Հայաստանի բարի կամքի դեսպանները։

 

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: