ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Փոփոխություններ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար կարճաժամկետ դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձի ձեռքբերմանն աջակցելու ծրագրում

Փոփոխություններ ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար կարճաժամկետ դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձի ձեռքբերմանն աջակցելու ծրագրում

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար կարճաժամկետ ուսուցման դասընթացի կազմակերպման և աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցության տրամադրման ծրագրում՝ արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու նպատակով և իրավակիրառական պրակտիկայում ծրագիրն իրականացնող պետական մարմնի կողմից արձանագրված խնդիրներին լուծում տալու նպատակով:

Ըստ այդմ՝ առաջարկվում է վերանայել ծրագրի շահառուների նկատմամբ սահմանված պահանջները՝ չարաշահումներից խուսափելու նպատակով։ Մասնավորապես, առաջարկվում է ծրագրում ընդգրկել ԼՂ-ից տեղահանված այն անձանց, որոնք սահմանված մեկ ամսվա փոխարեն վերջին երեք ամսվա ընթացքում չեն հանդիսացել հարկ վճարող աշխատող և երբևէ աշխատանքային հարաբերությունների մեջ չեն գտնվել թափուր աշխատատեղ ներկայացրած գործատուի հետ։

Նշված առաջարկությամբ փորձ է արվում կանխել նույն գործատուի կողմից շահառուին աշխատանքից ազատելու և ծրագրի շրջանակներում նորից աշխատանքային պայմանագիր կնքելու հնարավորությունը, այն պարագայում, երբ մեկ այլ շահառու ծրագրի միջոցով կարող էր ձեռք բերել զբաղվածություն։ Հստակեցվել են նաև ծրագրի շրջանակներում տրամադրված ֆինանսական միջոցների հետ վերադարձի համար բացառություն համարվող դեպքերը։ Արդյունքում՝ նախատեսվում է բարձրացնել շահառուների մրցունակությունն աշխատաշուկայում։

  • Կիսվել: