Հսկայական հողատարածքներ, որտեղ կարող են բարձր գնային սեգմենտի մշակաբույսեր մշակվել, ցորեն են ցանում ոռոգման ջրի բացակայության պատճառով․ Փաշինյան
Սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները: Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի 2023 թվականի գործունեության հաշվետվությանը ներկայացնելիս նշել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Որպես օրինակ վարչապետն ընդգծել է Սյունիքի մարզ կատարած իր այցի ընթացքում բարձրացված խնդիրը, մասնավորապես, ոռոգման ջրի հետ կապված: «Մենք ի՞նչ ենք արձանագրում, չնայած, ենթադրում եմ, գիտեինք, բայց տեղում դա ավելի շուտ և ավելի արագ է արձանագրվում: Հսկայական հողատարածքներ, որտեղ կարող են բարձր գնային սեգմենտի մշակաբույսեր մշակվել, ցորեն են ցանում, այնտեղ կարող է նուռ աճել, թուզ աճել, կիվի աճել, կոմերցիոն մեծ հետաքրքրություն ունեցող մշակաբույսեր, բայց ուղղակի հնարավոր չէ՝ ոռոգման ջրի բացակայության պատճառով»,- ասել է վարչապետը՝ շեշտելով ջրային խնդիրների լուծման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ սուբվենցիոն ծրագրերի միջոցով:
Այս առումով, վարչապետը կարևորել է քաղաքական առաջնահերթություններին ավելի մեծ ուշադրություն դարձնելու հանգամանքը: «Հետևաբար, սուբվենցիոն ծրագրի մեր հայեցակարգն ու գաղափարաբանությունը պիտի գուցե փոխենք, սուբվենցիոն համակարգը համապատասխանեցնենք մեր քաղաքականություններին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: