շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Պետությունը և հանրությունը պետք է անընդհատ ձգտեն բացարձակ օրինականության. պետնախարար

Պետությունը և հանրությունը պետք է անընդհատ ձգտեն բացարձակ օրինականության. պետնախարար

Այսօր ամենատարածված ու ներկայանալու համար ամենահարմար եղանակը «արդարություն, օրենքի առջև հավասարություն, արտոնյալների վերացում» և նմանօրինակ հայտարարություններով հանդես գալն է, որն ունի հանրային մեծ պահանջարկ և բազմաթիվ սպասավորներ:

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում նշել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Ես հրապարակային խոսքում մի քանի անգամ նշել եմ, հիմա կրկին շեշտում եմ, պետությունը և հանրությունը պետք է անընդհատ ձգտեն բացարձակ օրինականության, բայց արդյոք մենք պատրաստ ենք և իրականում ձգտում ենք դրան: 

Ցավոք շատերի հրապարակային  հայտարարությունները չեն համընկնում ձեռնարկած քայլերի ու գործողությունների հետ: Ավելի քան մեկ ամիս է, իրականացնում եմ Արցախի Հանրապետության պետական նախարարի պարտականությունները, այդ ընթացքում ընդունել եմ բազմաթիվ քաղաքացիների, իրավաբանական անձանց ներկայացուցիչների և այդ հանդիպումների ընթացքում հաճախակի եմ առնչվել իրենց օգտին բացառություններ անելու, օրենքը շրջանցելու կամ ըստ հարմարավետության կիրառելու, առանց հիմնավորման պետական աջակցություն ստանալու և նմանօրինակ այլ դիմումների, խնդրանքների ու առաջարկների: 

Յուրաքանչյուր անգամ իմ կողմից տրվել են անհրաժեշտ պարզաբանումներ ու գնահատականներ, բայց ժամանակը խնայելու և այն առավել օգտակար նպատակի ծառայեցնելու համար ուզում եմ հայտարարել, որ անիմաստ են վերը նշված շարժառիթներով ու նպատակներով անձամբ կամ միջնորդի միջոցով ինձ դիմելու փորձերը, դրանք արժանանալու են բացասական պատասխանի:

Մյուս կողմից, գիտակցելով քաղաքացիներին մտահոգող խնդիրների բազմազանությունն ու հրատապ լուծման կարիքը, խնդրում եմ լինել համբերատար ու փորձել համընդհանուր կարգապահությամբ և օրինապաշտությամբ նպաստել հանրային հարաբերությունների արդարացի կարգավորմանն ու պետական մարմինների կողմից իրականացվող վարչարարության օրինականության, կամայականության արգելքի և վարչարարության համաչափության սկզբունքների իրացմանը»,-ասված է պետնախարարի գրառման մեջ։

  • Կիսվել: