ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Պետք է շարունակել պայքարը թշնամու օկուպացրած 2000 հուշարձանների պահպանման համար՝ Արցախի ԿԳՄՍ նախարարի ուղերձը

Պետք է շարունակել պայքարը թշնամու օկուպացրած 2000 հուշարձանների պահպանման համար՝ Արցախի ԿԳՄՍ նախարարի ուղերձը

Պատերազմի,պայքարի ու խաղաղության մեր լեզուն եղել և մնում է հոգևոր ու մշակութային ինքնության ամբողջականության պահպանումը:

Այս մասին Մշակույթի միջազգային օրվա առթիվ հղած իր ուղերձում ասել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը.
 
«Այսօրվա հեղաբեկումներում մշակույթը շարունակում է մնալ ազգային դիմադրողականությունն ու գերնպատակը: Աշխարհաքաղաքական զարգացումների ներկա ֆոնին՝ հարևան Արդբեջանը շարունակում է ամեն օր տհաճ անակնկալ մատուցել՝ պատմական հուշարձանների ոչնչացումից, մինչև ռազմական ավարով պուրակի ստեղծում, որն արվել է ամենաանմարդկային, ամենաստորացուցիչ, ամենավայրենի ու բարբարոս դրսևորումներով:
 
Հայաստանի առաջին Հանրապետության վարչապետ Հովհաննես Քաջազնունին հայրենիքի մեծագույն կորուստներից հետո նշում է, որ ազգայնորեն ապրելու և արարելու համար պետք է ապրենք ու շնչենք ազգային մթնոլորտում: Բոլորիս՝ մտավորականների, արվեստագետների, մշակույթի գործիչների ուժերի գերլարումով պետք է պահենք, պահպանենք մեր մշակութային ժառանգությունը և հասնենք հոգևոր ու մշակութային կազմակերպվածության:Մենք դատապարտված ենք ապրելու այնպիսի ժողովրդի կողքին, որն իր պատմությունն ու մշակույթը կերտում է կեղծարարության,նենգափոխության ու յուրացումների վրա, և որի բանահյուսության մեջ գլուխ կտրելը հաստատագրված արժեք է:
 
Այս մնացորդած հողում մենք պետք է շարունակենք պայքարել՝ թշնամու կողմից օկուպացված գրեթե 2000-ի հասնող հուշարձանների պահպանության համար: Պատերազմի,պայքարի ու խաղաղության մեր լեզուն եղել և մնում է հոգևոր ու մշակութային ինքնության ամբողջականության պահպանումը:Այո,՛ մենք պետք է զորենք նաև մշակույթով, և ոչ միայն պահանջատիրությամբ, որով մենք հաճախ պատսպարվել ենք, այլև՝ արժանապատիվ ինքնահաստատմամբ ու բարձր ստեղծագործականությամբ»,-մասնավորապես նշել է Արցախի ԿԳՄՍ նախարարը՝ երախտագիտություն հայտնելով մշակույթի ու արվեստի այն բոլոր գործիչներին, որոնք բարոյահոգեբանական ծանր պայմաններում շարունակում են ստեղծագործել և հավատ արթնացնել դեպի ապագան:
 
 

  • Կիսվել: