երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Պետնախարարի աշխատակազմից արձագանքել են պատգամավորի քննադատությանը

Պետնախարարի աշխատակազմից արձագանքել են պատգամավորի քննադատությանը

Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հաղորդագրություն է տարածել՝ ի պատասխան երեկ պետնախարարի  հարցազրույցի առնչությամբ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի՝ «Միասնական հայրենիք» խմբակցությունը ներկայացնող պատգամավոր Սեյրան Հայրապետյանի  գրառման, որում նա  քննադատել է  ԱՀ պետական նախարարին այն բանում, որ «նա, փոխանակ բացատրություն տա ժողովրդին, թե իր պաշտոնավարման ընթացքում ինչ է արել, որպեսզի ժողովուրդը սովի չմատնվի, հացի խնդիր չառաջանա, պահանջներ է առաջադրում միջազգային դերակատարներին, մարդու իրավունքներից է խոսում…»:

Պատգամավորը նաև զարմանք էր արտահայտել նաև պետական նախարարի այն դիտարկմանը, որ «իրավիճակի ողջ ծանրությունը և բարդությունը ընկած է Արցախի ժողովրդի ուսերին»:

Ինչպես նշել են պետնախարարի աշխատակազմից՝ վերոգրյալի կապակցությամբ ստիպված են կրկին արձանագրել, որ հայ ժողովրդի մեջ շատերը դեռևս շարունակում են կտրված մնալ իրականությունից, ամբողջությամբ չեն գիտակցում իրավիճակի լրջությունը և տարված են ներքաղաքական գործընթացներով:

«Որքան էլ ոմանց համար տարօրինակ թվա, իրականում այդպես է, իրավիճակի ողջ ծանրությունը ընկած է մեր ժողովրդի ուսերին, այդ պատճառով կառավարությունը փորձում է առավելագույնս լինել ժողովրդի կողքին, թեթևացնել այդ ծանրությունը:

Ինչ վերաբերում է պետական նախարարի կողմից կատարված աշխատանքի մասին բացատրություն տալուն, ապա կարծում ենք՝ ողջամտորեն պարզ է, որ հասկանալի պատճառներով պետական նախարարը չի կարող հանրայնացնել այն, ինչ արվել է կամ արվում է Արցախում պարենային անվտանգության մակարդակը բարելավելու ուղղությամբ: Բարեբախտաբար, այդ գործընթացին առնչվողները քաջատեղյակ են կատարված և կատարվող աշխատանքի մասին: Իհարկե, մենք անհամեմատ ավելի լավ արդյունք կունենայինք, եթե պետական նախարարի աշխատանքը վերջին երեք ամսում ծանրաբեռնված չլիներ նաև պարոն Հայրապետյանին հավանաբար քաջածանոթ մի շարք անձանց կողմից Արցախ մսամթերք, հյութեր կամ գարեջուր ներկրելու ցանկությունները բավարարելու դեմ պայքարելու գործով:

Ցավոք, իրավիճակն այնպիսին չէ, որ պետական նախարարը իրեն թույլ տա հրապարակայնորեն ներկայացնել Արցախում պաշտոնավարած կամ պաշտոնավարող անձանց արածներն ու «հայրենանվեր» գործունեության պտուղները, բայց այդ հնարավորության դեպքում շատերը խնդիրների առաջ կկանգնեին:

Սակայն բոլոր դեպքերում մի բան մնացել է անհասկանալի. Արցախի Ազգային ժողովի պատգամավորը ինչո՞ւ է անընդունելի համարել պետական նախարարի կողմից միջազգային դերակատարներին ուղղված պահանջը, մարդու իրավունքների վկայակոչումը, չէ՞ որ դրանք հանրային պահանջներ են, ոչ թե՝ պաշտոնեական կամ ծառայողական, իսկ տվյալ լրատվամիջոցի լսարանն էլ՝ առավելապես ոչ արցախյան»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: