ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն ամանորյա ուղերձ է հղել

ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանն ամանորյա ուղերձ է հղել

2019 թվականին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը պատվով է իրականացրել իր առաքելությունը` ապահովելով մեր երկրի սահմանների պաշտպանությունը և հայրենի հողի վրա մեր ժողովրդի խաղաղ արարելու իրավունքը: Այս մասին իր ամանորյա ուղերձքւմ գրում է ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը։

«Սիրելի զինակիցներ,
 
Հարգելի հայրենակիցներ
 
Ի սրտե շնորհավորում եմ բոլորին Ամանորի և Սուրբ Ծննդյան լուսավոր տոների կապակցությամբ: Վստահ եմ, որ նոր տարին դիմավորելու ենք բարձր տրամադրությամբ և ծառայողական բնագավառում նոր հաջողությունների հասնելու պատրաստակամությամբ:
 
Ջերմորեն շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր ծառայողական պարտականությունների կատարման բերումով Ամանորի գիշերը հեռու են գտնվելու իրենց ընտանիքներից: Շնորհավորում եմ մեր նահատակված զինակիցների բոլոր հարազատներին: Մաղթում եմ տոկունություն և անսպառ հաջողություններ ձեր բոլոր ձեռնարկումներում:
 
2019 թվականին Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը պատվով է իրականացրել իր առաքելությունը` ապահովելով մեր երկրի սահմանների պաշտպանությունը և հայրենի հողի վրա մեր ժողովրդի խաղաղ արարելու իրավունքը:
 
Ամփոփելով 2019 թվականը` կարող ենք վստահորեն արձանագրել, որ տարին առանձնացել է լարված ու տքնաջան մարտական պատրաստությամբ:  Զինծառայողների մարտական վարպետության աստիճանը բարձրացնելու նպատակով ներդրվել են նոր մոտեցումներ, որոնց արդյունավետությունը ապացուցվել է և՛ զորավարժությունների, և՛ մարտական հերթապահության ընթացքում:
 
Շարունակվել է բանակի սպառազինության և ռազմական տեխնիկայի նորացումն ու արդիականացումը: Այս ուղղությամբ նշանակալի ձեռքբերումներ է գրանցել հայրենական ռազմական արդյունաբերությունը: Ռազմաարդյունաբերական համալիրի մշակած նմուշները փորձարկվել են մարտականին առավելագույն մոտ պայմաններում` ցուցաբերելով բարձր արդյունքներ:
 
Լուրջ աշխատանք է կատարվել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման ուղղությամբ: Իրականացվել է մեծածավալ շինարարության: Բանակային ենթակառուցվածքի նորակառույց տարրերը էապես բարելավել են ծառայության պայմանները` զինծառայողներին հնարավորություն տալով կենտրոնանալ բացառապես ծառայողական խնդիրների կատարման վրա:
Ամրապնդվել են օրինականությունն ու կարգուկանոնը, զգալիորեն նվազել արտակարգ պատահարները:
 
Սիրելի հայրենակիցներ
 
Հաջողությունները շատ են, սակայն շատ են նաև առաջիկա տարվա համար  նախատեսված անելիքները: Բանակային բոլոր ոլորտներում իրականացվող աշխատանքների առաջնահերթությունը շարունակվելու է մնալ նույնը` ապահովել հայրենիքի սահմանների հուսալի պաշտպանությունը: 2020 թվականին ևս կարևորվելու են գիտելիքն ու նոր տեխնոլոգիաները, որոնց զուգակցումը նոր որակ է հաղորդելու բանակի մարտունակությանը, ինչն իր հերթին երաշխավորելու է առաջադրված բոլոր խնդիրների կատարումը: Մեր ուշադրության կենտրոնում շարունակելու է մնալ զինծառայողը: Արվելու է ամեն ինչ նրա արժանապատիվ կենցաղն ու արդյունավետ ծառայությունն ապահովելու համար:
 
Վստահ եմ, որ 2020 թվականը լինելու է նոր նվաճումների, նոր հաջողությունների, նոր  ձեռքբերումների տարի:
 
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»,-ասվում է  ուղերձում:

  • Կիսվել: