ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Պատգամը՝ հայրենապաշտություն. Ստեփանակերտում հիշատակի միջոցառում է կազմակերպվել

Պատգամը՝ հայրենապաշտություն. Ստեփանակերտում հիշատակի միջոցառում է կազմակերպվել

Այսօր՝ մարտի 10-ին, Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված 44-օրյա պատերազմում անմահացած Մավրիկ Մայիլյանի ծննդյան 27-ամյակին:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառման սկզբում ներկաները հարգանքի տուրք են մատուցել Արցախի անկախության ճանապարհին իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների հիշատակին։

Այնուհետև ներկայացվել է հերոսի կենսագրությունը. Մավրիկ Մայիլյանը ծնվել ու մեծացել է Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղում, որը 44-օրյա պատերազմի հետևանքով բռնազավթվել է Ադրբեջանի կողմից:

«Արդեն երեք տարի է, ինչ Մավրիկի ծնունդը նշում ենք առանց իրեն: Շատ դժվար ու ծանր է: Եղբայրս ինձ համար բարության խորհրդանիշ էր: Նա օրինապահ էր, զգայուն, նրբանկատ, ամեն ինչի հարգն իմացող»,-ասել է հերոսի քույրը՝ Անգելինան:

Մավրիկ Մայիլյանի առաջին ուսուցչուհի Դոնարա Առստամյանը վերհիշեց 1996 թվականի մարտի 10-ը, երբ համագյուղացի կանայք սպասում էին նրա ծննդյանը:

«Գարուն էր, բայց ցուրտ, իսկ մենք սպասում էինք: Մրսում էինք, բայց համառորեն կանգնել էինք ծննդատան բակում, երբ հանկարծ լսվեց մանկան՝ երկար սպասված ճիչը, և այդ պահին ցուրտը նահանջեց: Մենք ջերմորեն գրկեցինք հմայիչ աչքերով և Աստծո նշանով մեր փոքրիկին: Նրան Մավրիկ կոչեցինք, մտածելով, որ եթե Աստծո նշան ունի, ուրեմն Աստված էլ կպահպանի: Նա գերադասեց Մայր հայրենիքը՝ հանուն նրա զոհաբերելով իր կյանքը: Կիսատ մնացին Մավրիկի բոլոր երազանքները, ով լուսավոր ազգի լուսավոր զավակն էր»,-ասել է Դ. Առստամյանը:

Ավետարանոցի համայնքապետ Սմբատ Մադաթյանը նշեց, որ Մավրիկ Մայիլյանն իրենց գյուղի հարգված երիտասարդներից էր՝ կարգապահ, ընկերասեր, օրինակելի:

«Արդեն երեք տարի է՝ տառապագին տրամադրություն է իշխում Մայիլյանների ընտանիքում. Մավրիկի աթոռը մնում է դատարկ: Այսօր հավաքվել ենք, որպեսզի, մեր կոկորդում սեղմելով ցավ ու տառապանք, վերահաստատենք, որ Մավրիկի ու նրա նահատակ ընկերների հիշատակը վառ ենք պահելու»,-հավելել է համայնքապետը:

«Արցախյան երրորդ պատերազմում զոհված և անհայտ կորած զինվորների հարազատների միություն» հասարակական կազմակերպության նախագահ, պահեստազորի սպա Արմեն Ասրյանի խոսքով՝ Մարտունու 2-րդ պաշտպանական շրջանում 2014 թվականին ծառայության անցնելով՝ Մավրիկը միանգամից գրավեց հրամանատարության ուշադրությունը:

«Պատահական չէ, որ Մավրիկին ուղարկեցին կրտսեր հրամանատարական դասընթացների, որն ավարտելով՝ նա, համապատասխան գիտելիքներ ստացած, վերադարձավ զորամաս: Մի զորամաս, որը միշտ աչքի է ընկել իր հերոսապատումներով, որտեղ մշտավառ է Ավոյի ոգին: Հանուն մեր տղաների հիշատակի՝ այսօր պետք է գումարենք բոլորիս ներուժը, յուրաքանչյուրս մեր լուման ներդնենք Արցախ աշխարհի համար, քանզի տղաներն իրենց կյանքն են զոհաբերել, որպեսզի գոյատևի մեր երկիրը»,-ասել է Ա. Ասրյանը:

Միջոցառմանը «Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն» ՀԿ նախագահ Վերա Գրիգորյանը «Հայրենիք և հավատ» ոսկեզօծ մեդալ է հանձնել նահատակ քաջորդու՝ Մավրիկ Մայիլյանի մորը:

  • Կիսվել: