ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Պատերազմի ընթացքում մոտ մեկ տասնյակ անգամ կրկնված իրավիճակ էր, երբ ԼՂ նախագահը լուր էր հաղորդում, բայց ԳՇ-ն հերքում էր, հետո ստիպված խոստովանում, որ ԼՂ նախագահի ճիշտ էր․ Փաշինյան՝ Շուշիի անկման մասին

Պատերազմի ընթացքում մոտ մեկ տասնյակ անգամ կրկնված իրավիճակ էր, երբ ԼՂ նախագահը լուր էր հաղորդում, բայց ԳՇ-ն հերքում էր, հետո ստիպված խոստովանում, որ ԼՂ նախագահի ճիշտ էր․ Փաշինյան՝ Շուշիի անկման մասին

Շուշիի պաշտպանության ճեղքման առաջին լուրը ինձ հաղորդեց ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը։ Նա ասաց, որ Զառիսլի գյուղի հատվածում թշնամին ճեղքել է մեր պաշտպանությունն ու կանգնել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին՝ ըստ էության փակելով ճանապարհը։ Բայց Զինված ուժերի գլխավոր շտաբը չէր հաստատում այդ տեղեկատվությունը։ Այս մասին ԱԺ 44-օրյա քննիչ հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոստովանելով, որ միայն հետագայում է պարզվել Արցախի նախագահի տրամադրած տեղեկութոյւնների իսկությունը և ԳՇ-ն ստիպված է եղել ընդունել փաստը։ 

"Սա պատերազմի ընթացքում մոտ մեկ տասնյակ անգամ կրկնված իրավիճակ էր, երբ ԼՂ նախագահը լուր էր հաղորդում, բայց ԳՇ-ն հերքում էր այն, սակայն որոշ ժամանակ անց ստիպված էր լինում խոստովանել, որ ԼՂ նախագահի տված տեղեկատվությունն է ճիշտ։ Այս անգամ էլ այդպես եղավ, երբ լուր եկավ, որ ադրբեջանցիները կրակել են Ստեփանակերտ-Լաչին ճանապարհով անցնող քաղաքացիական ավտոմեքենայի վրա։ Այս կետից սկսվեց Շուշիի սողացող անկումը։ Շուշիից անընդհատ ահագնացող լուրեր էին գալիս, սկսեցին լուրեր գալ, որ հակառակորդի առաջին խումբն է մտել Շուշի, հետո՝ երկրորդ, հետո՝ երրորդ, և այդպես շարունակ։ Ի վերջո նոյեմբերի 7-ի կեսօրին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ինձ զեկուցեց Շուշիի անկման մասին: Որքան էլ Շուշիի իրավիճակի բացասական դինամիկայի մասին տեղեկացված էի, սա ծանր լուր էր ինձ համար, որովհետև իմ բոլոր խոսկցություններում ասել էի՝ Շուշիին պետք է պահվի և ստացել հավաստիացում, որ կպահվի։

Շուշիի անկման լուրը լսելով՝ առաջին արձագանքս պահանջն էր՝ կատարեք այն, ինչ խոստացել եք, այսինքն՝ պահեք Շուշիին։ Ի վերջո, ինձ զեկուցեցին հակագործողությունների մասին, հետո ասացին, որ օպերացիան հաջող է ընթանում, հետո, որ մենք Շուշիի ներսում էինք, մինչև եռակողմ հայտարարության ստորագրման պահը ինձ զեկուցում էին, որ Շուշիի մի մասը ՊԲ վերահսկողության տակ է",- պատմեց Փաշինյանը։

 

 

  • Կիսվել: