շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
«Փաստ». Արդյո՞ք Սամվել Բաբայանը պաշտոն կստանա

«Փաստ». Արդյո՞ք Սամվել Բաբայանը պաշտոն կստանա

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդման արարողությունը տեղի կունենա եկող շաբաթ:

Մինչ այդ ակտիվորեն քննարկվում է տարբեր պաշտոններում հնարավոր փոփոխությունների թեման՝ շրջանառելով նաեւ մի շարք անուններ: Օրերս որոշակի շրջանակներում խոսվում է նաեւ այն մասին, թե որպես խորհրդարանական երկրորդ ուժի ղեկավար՝ Սամվել Բաբայանը կարող է նշանակվել ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար: Սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, այստեղ առկա է մի կարեւոր խնդիր:

Դեռեւս ընտրությունների շրջանում տարբեր ԶԼՄ-ներով տեղեկություններ տարածվեցին, թե Բաբայանը խնդիրներ ունի Ռուսաստանի Դաշնություն մեկնելու հետ կապված: Տեղեկություններ շրջանառվեցին նաեւ, որ վերջինս ամեն ջանք գործադրում է խնդիրը կարգավորելու համար, սակայն առայժմ՝ անարդյունք:

Սամվել Բաբայանի գրասենյակն այդ օրերին ընդամենը հայտարարություն տարածեց, թե «նման բովանդակությամբ նյութերը մեկ նպատակ ունեն՝ հոգեբանական ներազդման միջոցով ճնշել հանրային գիտակցությունը, մասնավորապես՝ Ս. Բաբայանի պոտենցիալ ընտրազանգվածին»: Այդուամենայնիվ, այդպես էլ չհնչեց «իրականությանը չեն համապատասխանում» ձեւակերպումը:

Ըստ այդմ, մեր աղբյուրները պնդում են, որ Արցախում լուրջ խնդիր են տեսնում Հայաստանի թիվ մեկ ռազմավարական դաշնակցի հետ խնդիր ունեցող անձի՝ նման կարեւոր պաշտոնում նշանակման հետ կապված»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: