կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
«Պարտավոր ենք գիտակցել՝ երբ հայերս միակամ ենք, անպարտելի ենք». Ուղերձ Արցախից

«Պարտավոր ենք գիտակցել՝ երբ հայերս միակամ ենք, անպարտելի ենք». Ուղերձ Արցախից

Փետրվարի 18-20-ն Արցախի Հանրապետությունում էր գտնվում Հայաստանից ժամանած մտավորականների պատվիրակությունը, որն իր հետ տարել էր հատուկ ուղերձ։ Օրը պատահական չէր ընտրված, քանի որ 34 տարի առաջ՝ 1988 թվականի փետրվարի 20-ին, արցախահայությունը ոտքի կանգնեց իր իրավունքները պաշտպանելու համար։

Հայաստանից ժամանած մտավորականներն Արցախի իշխանության տարբեր ներկայացուցիչների հետ միասին փետրվարի 20-ին այցելեցին Ստեփանակերտի եղբայրական գերեզմանոց՝ իրենց խոնարհումը բերելով Արցախի համար իրենց կյանքը նվիրաբերած հերոսներին։
 
Հայությանն ուղղված հատուկ ուղերձը մտավորականները հնչեցրեցին հենց Արցախից։
Այն ներկայացնում ենք ամբողջությամբ.
 
«1988 թվականի փետրվարի 13-ից մեկնարկեց հուժկու ազատագրական պայքարը հայոց ընտրանու գլխավորությամբ։ Մեր հերոսամարտի պատմությունը լրջագույն դաս է, որին անվարան պարտավոր ենք հետևել։ 2020թ․ 44-օրյա պատերազմի հետևանքները հաղթահարված չեն, վտանգված է Արցախի Հանրապետության Ադրբեջանից անկախ հարատևումը․ բռնազավթված տարածքներում Ադրբեջանը շարունակում է իր ցեղասպան գործունեությունը՝ հայկականության ոչնչացում, մշակութային վանդալիզմի իրագործում։ Անպատասխան թողնել թուրք-ադրբեջանական տանդեմի բացահայտ թշնամական գործողությունները նշանակում է՝ հայությանը՝ առաջին հերթին Արցախի մեր հայրենակիցներին, նոր, կործանարար փորձությունների դատապարտել։ Օրհասական այս պահին հայ ազգը պայքարելու և հարատևելու միայն մեկ ճանապարհ ունի՝ միասնական բռունցք դառնալ համազգային խնդիրները լուծելու համար։
 
Մենք պարտավոր ենք գիտակցել՝ երբ հայերս միակամ ենք, անպարտելի ենք։ Առաջնահերթ խնդիր ենք համարում Արցախյան հիմնահարցի կարգավորման համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին ներկայացնել բանակցությունների նորացված օրակարգ։ Հաշվի առնելով, որ հիմնահարցի էության հիմքը իրավական փաստարկներն են, առաջարկում ենք տապալված քաղաքական բանակցությունները տեղափոխել իրավական հարթություն։ Կողմերը ազատ են ներկայացնել միայն միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան, այսպես կոչված, «Ղարաբաղյան հակամարտության իրավական թղթապանակ»։ Որպես առաջին քայլ՝ անհրաժեշտ ենք համարում ճանաչել ԼՂՀ-ի, այժմ ՝ Արցախի Հանրապետության, կազմավորման օրինականությունը, որով կհաստատվի արդեն իսկ նրա դե յուրե անկախությունն Ադրբեջանից։
 
Ներկայացնելով իրավական փաստաթղթերի թղթապանակը, հայկական կողմը հաստատում է, որ 1988 թ․ փետրվարի 20-ին ԼՂԻՄ-ի դեպուտատների մարզային խորհրդի ընդունված որոշումը և դրան հետևած ԼՂՀ-ի բոլոր իրավական ակտերը օրինական են և անհերքելի միջազգային իրավունքի տեսանկյունից։ Սիրելի հայրենակիցներ, հայոց պետականությունը պաշտպանելու և հզորացնելու, հայ ժողովրդի անվտանգությունը ապահովելու, համազգային խնդիրները լուծելու, արտաքին աշխարհում մեր շահերը ներկայացնելու, Արցախի Հանրապետության՝ որպես Ադրբեջանից անկախ, ինքնիշխան սուբյեկտ, անվտանգ գոյությունը երաշխավորելու, դաշնակցային և բարեկամ պետությունների հետ փոխշահավետ, հարգալից և վստահելի հարաբերությունները զարգացնելու համար, նախաձեռնում ենք Ազգային միասնության խորհուրդ ձևավորելու գործընթացը։ Ազգային միասնության խորհրդի առաջնային նպատակն է լինելու համահայկական համաժողով հրավիրելը։ Հայրենիքը պահանջ ունի պաշտպանության։ Բոլորիս պարտքն է միաբանվել, թշնամուն հաղթել բոլոր հարթակներում, միասնաբար լուծել մեր առջև ծառացած մարտահրավերները։
Ազգային միասնությամբ մենք կհաստատենք՝ կա՞ Հայաստան՝ որպես համայն հայության Հայրենիք, կա՞ ինքնիշխան Արցախ, կա՞ հայի ինքնությունը պահպանող Սփյուռք։ Արցախն ավելի քան երբևէ համայն հայության աջակցության կարիքն ունի։ Ուստի, Արցախից դիմում ենք մեր հայրենակիցներին Հայաստանում, Սփյուռքում, Արցախում՝ միաբանվենք, միասնական դիրքորոշում արտահայտենք, համատեղ գործողությունների ծրագիր մշակենք։ Կազմակերպչական բնույթի հարցադրումները կներկայացնենք բոլոր շահագրգիռ կառույցներին»։

  • Կիսվել: