երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Պարգևատրվել են անհրաժեշտ դիմադրություն ցույց տված զինվորականները․ «Փաստ»

Պարգևատրվել են անհրաժեշտ դիմադրություն ցույց տված զինվորականները․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Որքան էլ մոտ հինգ տարի շարունակ օրվա իշխանությունների կողմից ամեն ինչ արվել է բանակը թուլացնելու, վարկաբեկելու ուղղությամբ, այնուամենայնիվ, թե՛ Հայաստանի զինված ուժերը, թե՛ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը, չնայած դժվարություններին ու խոչընդոտներին, հերոսաբար լուծում են իրենց խնդիրները:

Դրա վկայությունն են նաև վերջին օրերին ադրբեջանցիների ահաբեկչական գործողություններին, սադրանքներին տրված անհրաժեշտ պատասխանները: Հիմա, առավել քան երբևէ, մեծապես կարևորվում է բանակին, հերոսաբար դիմադրող զինվորականներին քաջալերելն ու աջակցելը: Ի մասնավորի, թերթի աղբյուրի փոխանցմամբ, մարտի 5-ի ադրբեջանական հերթական ագրեսիայի ժամանակ արագ արձագանքած և անհրաժեշտ դիմադրություն ցույց տված զինվորականները դրամական պարգևատրում են ստացել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կողմից:

Հիշեցնենք, որ այդ օրը ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը Արցախի «Խայփալու» կոչվող տեղանքում թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Դիվերսիոն ներթափանցման հետևանքով զոհվել էր ոստիկանության 3 ծառայող»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

  • Կիսվել: