կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Փակված ճանապարհի պատճառով ընտանիքներիից հեռու հայտնված փոքրիկների հոգեկան վիճակն աննկարագրելի ծանր է. պատգամավոր

Փակված ճանապարհի պատճառով ընտանիքներիից հեռու հայտնված փոքրիկների հոգեկան վիճակն աննկարագրելի ծանր է. պատգամավոր

Ադրբեջանի կողմից Արցախ-Գորիս միջպետական մայրուղու փակման պատճառով արցախցի բազմաթիվ ընտանիքներ հայտնվել են ծանր իրավիճակում` փաստորեն կիսվելով. ընտանիքների անդամները մնացել են փակված ճանապարհի տարբեր կողմերում։  Ստեղծված իրադրությունը դժվար հաղթահարելի է բոլորիս համար, բայց առավել դժվար է այդ ընտանիքների համար։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ կայացած «Արցախ։Շրջափակման մեկ ամիս» խորագրով Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջ-կոնֆերանսի ընթացքում այս մասին ասել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Էլեոնորա Ավանեսյանը։

«Կան մանկահասակ երեխաներ, ովքեր, տարիքով պայմանավորված, իրականում չեն պատկերացնում  ստեղծված  այս դժվարությունների օբյեկտիվ պատճառները։ Մենք  նույնիսկ ականատես եղանք մի դեպքի, երբ հոգեկան ծանր վիճակում հայտնված փոքրիկը  ծնողի հետ  շփվել չի ցանկանում` իրավիճակն ընկալելով որպես վերջինիս կողմից լքվածություն։ Այս բավականին լուրջ հոգեբանական խնդիրը  ծանր հետևանքներ կունենա»,-նշել է Է. Ավանեսյանը։

Նա ընդգծել է, որ եթե սկզբնական շրջանում փորձեր էին արվում հուսադրող կոչերով կամ այլ ձևերով հաղթահարել դժվարությունները, ապա երկարատև անորոշության մեջ դժվար է պատկերացնել՝ ինչպես պետք է հաղթահարել այս ամենը։

«Ստեղծվել են արագ արձագանքման խմբեր, որոնք պարբերաբար այցելում են այդ ընտանիքներ, փորձում են հասկանալ ինչ խնդիրներ են ծագում։ Սոցիալական խնդիրներն, իհարկե, լուծվում են պետության հովանու ներքո, բայց ես ուզում եմ ասել, որ հոգեբանական խնդիրները հաղթահարելու համար մենք բոլորս պատասխանատու ենք։ Իրականում իրավիճակն աննկարագրելի  է, և  այդ երեխաների մոտ, որոնց հետ անձամբ եմ շփվում, հուսալքություն, հուսահատություն է նկատվում, որովհետև, իսկապես, չեն պատկերացնում, թե երբ կհանդիպեն իրար»,-ներկայացրել է ԱԺ պատգամավորը։

Է. Ավանեսյանի խոսքով` կան սպեցիֆիկ խնդիրներով երեխաներ, որոնց օգնել կարող են  միայն ծնողները։
«Ես նույնիսկ սարսափում եմ մտածել, թե նրանց հոգեկան վիճակի վրա ինչ հետևանքներ կթողնի այս ամենը»,- ընդհանրացրեց պատգամավորը։

  • Կիսվել: