ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը «ԱՐՑԱԽ․ Չտեսնված հանրապետություն» խորագրով հատուկ ծրագիր կներկայացնի

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը «ԱՐՑԱԽ․ Չտեսնված հանրապետություն» խորագրով հատուկ ծրագիր կներկայացնի

Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնը «ԱՐՑԱԽ․ Չտեսնված հանրապետություն» խորագրով հատուկ ծրագիր կներկայացնի։

Փառատոնային օրերին ծրագրի շրջանակում կներկայացվեն Էսամ Նագիի «Մոռացված հայրենիք» (Եգիպտոս), Ֆեդերիկո Լեմոսի «Մենք ենք, մեր սարերը» (Ուրուգվայ), Թոմաս Սիդերիսի «Լեռնային Ղարաբաղի նռները» (Հունաստան), Արման Երիցյանի «Դիմակայություն» (Հայաստան) ֆիլմերը։ Ինչպես նաև Cannes L’ACID Special ծրագրի շրջանակում կցուցադրվի ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» (Հայաստան, Ֆրանսիա, Բելգիա) ֆիլմը։

«Փառատոնի 19-րդ թողարկմանը լինելու է հատուկ առանձին ընդգծված ծրագիր՝ բաղկացած ֆիլմերից, որոնք անդրադառնում են 44-օրյա պատերազմին: Ֆիլմերից մեկը Արցախյան պատերազմի մասին է՝ նկարահանված հույների կողմից, մյուսը՝ արգենտինացիների, մյուսը՝ եգիպտացիների, և վերջապես՝ մեկ հայաստանյան և մեկ բուն արցախյան կինոանդրադարձ: Ավելին՝ 19-րդ Ոսկե ծիրանի փակման ֆիլմը հայկական անդրադարձ է 44-օրյա պատերամին»,- ասում է փառատոնի գեղարվեստական տնօրեն Կարեն Ավետիսյանը։

Հիշեցնենք, որ Երևանի «Ոսկե ծիրան» 19-րդ միջազգային կինոփառատոնն այս տարի տեղի կունենա հուլիսի 10-17-ը։

  • Կիսվել: