երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Որքան մեծ է մեր դիմադրությունը, այնքան Ադրբեջանը ավելի է սաստկացնում իր հակաօրինական, ահաբեկչական քայլերը․ ԱՀ պետնախարարը՝ Ալիևի վերջին սպառնալիքների մասին

Որքան մեծ է մեր դիմադրությունը, այնքան Ադրբեջանը ավելի է սաստկացնում իր հակաօրինական, ահաբեկչական քայլերը․ ԱՀ պետնախարարը՝ Ալիևի վերջին սպառնալիքների մասին

 Ոչ մեկիս համար նորություն չէ, որ Ադրբեջանը ամեն օր փորձում է մեծացնել ճնշումները Արցախցիներիս նկատմամբ՝ մեզ հպատակեցնելու նպատակով, InfoPort.am-ի հետ զրույցում նշեց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ անդրադառնալով օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Արցախի պետական ինստիտուտները լուծարելու սպառնալիքներին։

«Որքան մեծ է մեր դիմադրությունը, այնքան Ադրբեջանը ավելի է սաստկացնում իր հակաօրինական, ահաբեկչական քայլերը: Տասնամյակներ շարունակ Արցախում կազմակերպվել են տեղական ինքնակառավարման մարմինների, Ազգային ժողովի ու նախագահական ընտրություններ, տարբեր երկրներից, այդ թվում Ռուսաստանի Դաշնությունից Արցախ էին ժամանում դիտորդական խմբեր, գնահատում ընտրությունների ընթացքը ժողովրդավարական կանոններին համապատասխանելու տեսանկյունից, հրապարակում զեկույցներ: Ադրբեջանը մշտապես փորձում էր քննադատել այդ գործընթացները, դրանք որակում էր որպես անօրինական, սակայն միջազգային բոլոր դիտորդների, այդ թվում Մինսկի խմբի համանախագահող երկրների ներկայացուցիչները ի պատասխան ադրբեջանական կողմի նման հայտարարությունների, իհարկե հաշվի առնելով քաղաքականության կանոնները, մշտապես շեշտում էին, որ Արցախը դե ֆակտո ինքնուրույն երկիր է, այնտեղ կա ժողովուրդ, որը ժողովրդավարական երկրներին հատուկ կարգով ձևավորում է իր ինքնակառավարման մարմինները:

Հիմա Ադրբեջանը ոտնձգում է այդ ինքնակառավարման մարմինների նկատմամբ: Մի կողմից Ադրբեջանը հայտարարում է, որ պատրաստ է արցախցիների հետ քննարկումներ իրականացնել, բանակցություններ վարել, մյուս կողմից ոտնձգում է Արցախի ժողովրդի կողմից ընտրված մարմինների ու նրանց ձևավորած կառավարության անդամների դեմ, սպառնում նրանց ձերբակալություններով, հաշվեհարդար տեսնելով:

Հետաքրքիր է, Ադրբեջանը ինչպես է պատկերացնում Արցախցիների հետ շփումը և բանակցությունները, հո բոլոր Արցախցիները չեն գնալու բանակցության, իսկ ներկայացուցիչ ընտրելու ժամանակակից եղանակը ուղիղ ընտրություն է, որի միջոցով արցախցիները ձևավորել են իշխանություն: Ամենայն հավանականությամբ Ադրբեջանին ձեռնտու չէ Արցախցիների այսօրվա ներկայացուցչությունը»,- նշեց պետնախարարը:

Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ Ադրբեջանի այդ հայտարարությունը չպետք է անարձագանք մնա, հատկապես միջազգային հանրության կողմից: «Ի վերջո սա ոտնձգություն է տասնամյակներ շարունակ արցախցիների կողմից ձևավորված կառավարման կայուն կարգի դեմ, որը խարխլելու հետևանքը քաոսային, անկառավարելի վիճակն է, ինչից կարող է տուժել կրկին միայն արցախահայությունը»,- շեշտեց նա:

Ըստ Ներսիսյանի՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարության ցանկացած հայտարարություն բավարար է միջազգային հանրության համար՝ տեսնելու այն ցեղասպան ու Արցախը հայաթափելու, արցախցիներին հպատակեցնելուն ուղղված ծրագիրը, որը մշակել ու աշխարհի աչքի առաջ իրականացնում է Ադրբեջանը:

  • Կիսվել: