հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Ողջունում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ ԼՂ անկախ տեխնիկական փորձագիտական առաքելություն ուղարկելու պատրաստակամությունը. Զախարովա

Ողջունում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ ԼՂ անկախ տեխնիկական փորձագիտական առաքելություն ուղարկելու պատրաստակամությունը. Զախարովա

ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին՝ մասնավորապես շեշտելով ՄԱԿ-ի և ՅՈւՆԵՍԿՕ-ի փորձագիտական առաքելությունների՝ տարածաշրջան այցի կարևորությունը:

Նրա խոսքով՝ ՄԱԿ-ի ղեկավարությունը որոշում է կայացրել համալիր գնահատման առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի: Առաքելությանը, ըստ Զախարովայի, մասնակցելու են հումանիտար գործակալությունների փորձագետներ, որպեսզի տեղում ծանոթանան իրավիճակին և գնահատեն բնակիչների կարիքները:

՛՛Ներկա պահին քննարկվում են տվյալ առաքելության այցի նախապատրաստման չափորոշիչները: Մենք օգտակար և պահանջված ենք համարում բոլոր տուժած անձանց տրամադրվելիք հումանիտար աջակցության ակտիվացումը՝ կողմերի հետ համաձայնեցմամբ՛՛,-նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Նա հավելել է. ՛՛Եվ մենք ողջունում ենք նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի՝ զինված հակամարտության պարագայում մշակութային արժեքների պահպանության մասին 1954 թ. ընդունած կոնվենցիայի մասին արձանագրությունն ու տարածաշրջան անկախ տեխնիկական փորձագիտական առաքելություն ուղարկելու պատրաստակամությունը: Ելնում ենք այն հանգամանքից, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի մարդասիրական առաքելությունը կկարողանա օբյետիվ գնահատական տալ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում մշակութային ժառանգության կառույցների վիճակի վերաբերյալ՛՛:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին ՅՈւՆԵՍԿՕ-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ դեռ սպասում է Ադրբեջանի հաստատմանը, որպեսզի կարողանա սկսել այցը տարածաշրջան:

  • Կիսվել: