ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
«Նվիրում Արցախին» նախագծով «Ոսկե ծիրան»-ը կմիանա համահայկական դրամահավաքին

«Նվիրում Արցախին» նախագծով «Ոսկե ծիրան»-ը կմիանա համահայկական դրամահավաքին

Նոյեմբերի 1-ից՝ «Նվիրում Արցախին» նախագծով, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ 17-րդ փառատոնի ծրագրերի շրջանակում, կմիանա «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաքին, և մինչև նոյեմբերի 30-ը տարբեր ծրագրերի շարունակական իրականացմամբ իր ներդրումը կունենա համազգային դրամահավաքի ընթացքին: Այս մասին տեղեկացնում է «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մամուլի գրասենյակը:

Նոյեմբերի 1-ին՝ Կաննի միջազգային կինոփառատոնում ընդգրկված ֆրանսաբնակ ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի՝ Արցախին նվիրված «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի համահայկական պրեմիերայով, կբացվի «Նվիրում Արցախին» նախագիծը, որը կշարունակվի Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը»՝ վերջերս մոսկովյան միջազգային կինոփառատոնից հանված ֆիլմի պրեմիերայով:

 

Նոյեմբերի առաջին շաբաթում կկայանան նաև Արցախին նվիրված՝ Գարեգին Պապոյանի՝ «Բարի թռիչք», Սիլվա Խնկանոսյանի՝ Ռոտերդամի և Լայպցիգի միջազգային կինոփառատոների ծրագրերում ընդգրկված «Վախենալու ոչինչ չկա» ֆիլմերի պրեմիերաները:

Կկայանան նաև Լիտվայում բնակվող մեր հայրենակից Մարատ Սարգսյանի՝ Վենետիկի միջազգային կինոփառատոնում ընդգրկված «Ջրհեղեղ չի լինելու», Հակոբ Մելքոնյանի՝ «Բլոկադա», պատերազմի թեման արծարծող ֆիլմերի պրեմիերաները:

Հիշյալ պրեմիերային ֆիլմերի բոլոր ցուցադրությունները տեղի կունենան բացառապես տոմսերով, առանց հրավիրատոմսերի և բոլոր ցուցադրություններից գոյացած հասույթն ամբողջությամբ կփոխանցվի «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» «Հայաստան» համահայկական հիմնադրամի համազգային դրամահավաքին:

Որպեսզի փառատոնի հանգանակությունների ընթացքը լինի շարունակական, մինչև նոյեմբերի 30-ը «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվող «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» նախագծերի, Կանադայի, Շվեյցարիայի և այլ երկրների հետ համագործակցաբար ցուցադրվող նորագույն ֆիլմերի ցուցադրություններից, նաև պատերազմական այս օրերին տարբեր արվեստագետների կողմից ստեղծված պլակատների բացառիկ  ցուցահանդես-վաճառքից գոյացած ողջ հասույթը նույնպես կփոխանցվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

  • Կիսվել: