շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Նորահայտ խաչքար՝ Սարսանգի ջրամբարի մոտակայքում

Նորահայտ խաչքար՝ Սարսանգի ջրամբարի մոտակայքում

Նորահայտ խաչքար՝ Սարսանգի ջրամբարի մոտակայքում։ Գտնվում է Սարսանգի ջրամբարից շուրջ 700մ հարավ-արևմուտք: Հուշարձանին անմիջականորեն մոտ բնակավայր չկա: Շրջակա բնակավայրերից հեռավորությունը կազմում է՝ Մեծ շենից ուղիղ գծով 4,6կմ հարավ-արևմուտք, Մեհմանայից՝ 4,9կմ հարավ, Դրմբոնից՝ 6,3կմ հյուսիս-արևմուտք: Մարտակերտ տանող մայրուղու աջ կողմում է՝ ճանապարհից 50մ հեռավորության վրա: Այս մասին հայտնում է  Արցախի Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունից։
 
Դատելով հուշարձանի տեղակայվածությունից (նկատի ունենալով նաև խաչքարին մերձ գտնվող սալաքարի առկայությությունը) կարելի է ենթադրել, որ այն դրվել է երբեմնի սրբավայրի վրա և ծառայել որպես սրբատեղի: Տեղանքի բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 912մ:
Խաչքարը նորահայտ է (չափերը՝ 175×77×31), պատմական աղբյուրներում և այլ գրվածքներում տեղեկություններ կամ տվյալներ առկա չեն: Այն կերտված է կրաքարից, արտաքուստ ունի մոխրագույն տեսք: Աչքի է ընկնում XII-XIII դդ. բնորոշ ուշագրավ զարդաքանդակներով:
 
Քիվը լայն է ու սրաձև՝ բուսական ու երկրաչափական դրվագազարդումներով (հմմտ. նմանատիպ խաչքար Դրմբոնում): Սալաքարի կենտրոնում մեծադիր գեղազարդ խաչն է, ստորին մասում՝ խոյաեղջյուր, եզրամասերում՝ բուսական, հյուսկեն-մանվածո քանդակներ: Արձանագրություն չի պարունակում: Ուշագրավ է նաև պատկերաքանդակներով՝ մեծադիր խաչի ներքնամասում, որի աջ ու ձախ կողմերին առկա են մեկական փոքր չափերի խաչեր: Այն որոշակիորեն հիշեցնում է Ասկերանի շրջանի Քարագլխի XIIIդ. զույգ խաչքարերից աջակողմյան կոթողին, որտեղ ներկայացված են կնոջ ու տղամարդու պատկերներ և նրանց կողմից բռնած մատուցարան իր պարունակությամբ:
 
Այսպիսով, ըստ էության կյանքի հարատևությունը խորհրդանշող գունդը(շրջանակը) այստեղ արտահայտվում է կենցաղային մոտիվների պատկերմամբ, որն Արցախում հազվադեպ երևույթ չէ: Ի դեպ, ասենք նաև, որ մարդու պատկերներով խաչքարեր առաջին անգամ հայտնաբերվել են Խաչենում՝ Հայաստանի այն մասում, որտեղ ընդհանրապես նախասիրված էր քանդակներով զարդարանքը, որտեղ վանքերի պատերին, սովորական դարձած կտիտորական խմբերի հետ միասին, հանդիպում են բարձրաքանդակներով պատկերներ։
 
Համադրելով նմանատիպ այլ հուշակոթողների հետ, Սարսանգի խաչքարը կարելի է վերագրել XIIդ. վերջերին կամ XIII սկզբներին:

  • Կիսվել: