երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Նման պահվածքն ուղղակի անթույլատրելի է. Արայիկ Հարությունյանը՝ Արցախում կորոնավիրուսի դեպքերի մասին

Նման պահվածքն ուղղակի անթույլատրելի է. Արայիկ Հարությունյանը՝ Արցախում կորոնավիրուսի դեպքերի մասին

Արցախի  նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը իր մտահոգությունն է հայտնել Հանրապետությունում կորոնավիրուսի 2  նոր  դեպքերի հաստատման և հանրային վայրերում քաղաքացիների կողմից պաշտպանվելու միջոցների չկիրառելու մասին։

«Հարգելի՛ հայրենակիցներ

Երեկ մեր հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսով վարակման, ցավոք, հերթական երկու դեպքերն են արձանագրվել: Դրանք ահազանգում են այն մասին, որ, չնայած առողջապահության նախարարության հորդորներին, ինքներս մեր հանդեպ շարունակում ենք անփույթ եւ անպատասխանատու պահվածք դրսեւորել: Հանրային վայրերում այս օրերին յուրաքանչյուր քայլափոխի կարելի է հանդիպել մարդկանց ստվար խմբերի, որոնք համավարակից պաշտպանվելու գրեթե ոչ մի միջոց չեն կիրառում:

Սիրելի՛ համերկրացիներ, նման պահվածքն ուղղակի անթույլատրելի է: Հորդորս որպես կո՛չ ընդունեք. հանուն ձեր եւ ձեր հարազատների առողջության պահպանման՝ խստորեն հետեւե՛ք սահմանված կանոններին, մի՛ թերագնահատեք համավարակի վտանգավորության աստիճանը:

Սա մեր պետության առջեւ ծառացած ներքին ամենամեծ մարտահրավերներից է, որի դեմ պետք է լրջորեն պայքարել: Այդ պայքարի առաջամարտիկը մեզանից յուրաքանչյուրն է, եւ իմ խնդրանքն է, որպեսզի ամեն մեկը սթափ գնահատի իրավիճակը ու ամենայն պատասխանատվությամբ կատարի իր բաժին պարտականությունը՝ նախ սեփական անձի, ապա՝ պետության նկատմամբ:

Ի դեպ, որտե՞ղ են նախագահի այն թեկնածուներն ու քաղաքական ուժերը, նրանց սատարող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ու լրատվամիջոցները, որոնք, համավարակի տարածմամբ «մտահոգված», կոչ էին անում մեր հանրապետությունում հետաձգել համապետական ընտրությունները: Արդյո՞ք վտանգը միայն ընտրություններով էր պայմանավորված, որ միանգամից դադարեցվել են այդ առթիվ հնչեցվող բոցաշունչ ճառերն ու ելույթները...

Համավարակը քաղաքական չէ, եւ կարծում եմ՝ համամիտ կլինեք, որ այն շահարկման թեմա դարձնելը, պատվաբեր չէր: Իսկ դրա դեմ զօր ու գիշեր պայքարող մեր բուժաշխատողներին մեկ անգամ եւս հայտնում եմ իմ երախտագիտությունը»,- գրել  է նա։

  • Կիսվել: