հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մշակութային արժեքը պահելու համար պետք է ապրենք մեր հողում. «Մշակութային ջարդ» ցուցահանդեսը՝ Արցախում

Մշակութային արժեքը պահելու համար պետք է ապրենք մեր հողում. «Մշակութային ջարդ» ցուցահանդեսը՝ Արցախում

Ապրիլի 15-ը ամբողջ աշխարհում նշվում է` որպես Մշակույթի միջազգային օր: Այս առիթով Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում այսօր կայացել է «Մշակութային ջարդ» խորագրով ցուցահանդես, որտեղ լուսանկարներով ներկայացվել են Ադրբեջանի կողմից Արցախի բռնազավթված տարածքներում, Արևմտյան Հայաստանում, Նախիջևանում, Նոր Ջուղայում գտնվող հայկական եկեղեցիները, վանքերը, գերեզմանոցները իրենց երբեմնի և ներկայիս տեսքով: Տեղեկանում ենք ԱՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունից։ 

Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Ժաննա Առստամյանը ողջունել է ներկաներին ու շնորհավորել  Մշակույթի միջազգային օրվա առթիվ, նաև՝ ներկայացրել ցուցանմուշները:

Ցուցահանդեսին ներկայացված էին հիմնականում հայտնի հուշարձանագետ, պատմաբան Սամվել Կարապետյանի կողմից արված լուսանկարները, ով իր ողջ կյանքի և գործունեության ընթացքում հայկական մշակութային հուշարձանների ուսումնասիրման, արձանագրման, գոնե թղթի վրա դրանց պահպանման համար ոչինչ չի խնայել:

«Երջանկահիշատակ գիտնականը վստահ էր, որ Արցախն ապահով է, Արցախի մշակութային արժեքները փրկված են: Ցավոք, այսօր այլ իրականության առջև ենք կանգնել»,-նշեց ԱՀ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Մելանյա Բալայանը: Նրա խոսքով, եթե տեր չկանգնենք մեր ինքնության վկաներին, դատապարտված ենք կորցնելու հենց մեր ինքնությունը:

«44-օրյա պատերազմը հանգեցրեց նաև մշակութային ժառանգության լուրջ կորուստների: Սա վերաբերում է ոչ միայն նյութական, այլ նաև ոչ նյութական մշակութային ժառանգությանը, քանի որ մեր ժողովրդի մի զգալի մասը կտրվեց իր լանդշաֆտից, իր պատմական հիշողությունից: Մենք պետք է շարունակենք մեր պայքարը համաշխարհային քաղաքակրթության մեջ մեր տեղն ու դերը պահպանելու համար»,- իր խոսքում նշեց ԱՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Հովհաննիսյանը:

ԱՀ նախագահի խորհրդական Արմեն Սարգսյանի կարծիքով՝ մեր հիմնական թերություններից մեկն այն է, որ հոգևոր- մշակութային արժեքները ստորադասել ենք նյութական արժեքներին: «1988-ին մեր պայքարն արժեքների համար էր, այդ պատճառով էլ այն հաղթանակով պսակվեց: Մշակութային արժեքների ոչնչացում թույլ չտալու համար պետք է ապրենք մեր հողում և տեր կանգնենք մեր արժեքներին»,-համոզված է Ա.Սարգսյանը:

Ցուցահանդեսն առիթ էր ներկաների համար՝ բարձրաձայնելու բացթողումների, ժամանակի մարտահրավերների ու անելիքների մասին: Ցուցահանդեսն այցելուների համար բաց կլինի մինչև ապրիլի 24-ը:

  • Կիսվել: