երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Մնացականյանն ու Մայիլյանը քննարկել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը վերաբերող հարցեր

Մնացականյանն ու Մայիլյանը քննարկել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը վերաբերող հարցեր

Դեկտեմբերի 3-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը Երևանում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ, տեղեկացնում են Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից::

Բրատիսլավայում՝ ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև դեկտեմբերի 4-ին նախատեսվող հանդիպմանն ընդառաջ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ մի շարք հարցեր։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձ են կատարել նաև նոյեմբերի 17-ից 21-ը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ տեղի ունեցած Արցախի Հանրապետությունից, Հայաստանի Հանրապետությունից և Ադրբեջանից լրագրողների փոխայցերի արդյունքներին՝ կարևորելով հակամարտության կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորմանն ուղղված միջոցառումների իրականացումը։

ԱԳՆ ղեկավարները քննարկել են Արցախի ՊԲ և Ադրբեջանի զինված ուժերի միջև շփման գծում առկա իրավիճակը՝ ընդգծելով հրադադարի ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը և շփման գծում լարվածության հրահրմանը միտված ադրբեջանական կողմի փորձերի անթույլատրելիությունը։

Երկուստեք ընդգծվել է Արցախի Հանրապետության ուղղակի և լիիրավ մասնակցությամբ բանակցությունների լիարժեք եռակողմ ձևաչափի վերականգնման անհրաժեշտությունը՝ կարևորելով այն խաղաղ կարգավորման գործընթացի արդյունավետության բարձրացման տեսանկյունից։ 

Զրուցակիցները նաև մտքեր են փոխանակել երկու գերատեսչությունների միջև համագործակցության օրակարգին վերաբերող մի շարք հարցերի շուրջ։

  • Կիսվել: