երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Միջազգային գործընկերների կողմից հետաքրքրության աճը կարևոր է, բայց բավարար չէ, որ բեռը տեղ հասնի․ Վարդան Սարգսյան

Միջազգային գործընկերների կողմից հետաքրքրության աճը կարևոր է, բայց բավարար չէ, որ բեռը տեղ հասնի․ Վարդան Սարգսյան

ԼՂ-ում հումանիտար իրավիճակի մեղմման նպատակով բեռնված բեռնատարների թիվը հասավ 22-ի. Ֆրանսիայի մի շարք քաղաքներ այսօր 20 տոննայից ավել սնունդ են ուղարկել` ի աջակցություն ԼՂ ժողովրդի, որ այս օրերին առերեսվում է լրջագույն հումանիտար խնդիրների: Այս մասին «Լուրեր»-ի հետ զրույցում նշել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:

«Գնահատելի և ողջունելի է այս քայլը, այն ի ցույց է դնում հստակ գիտակցումը, որ ԼՂ-ում խորացող ճգնաժամի իրական մասշտաբները և հետևանքները առավել քան իրական են, և անհրաժեշտ են գործուն և հասցեական քայլեր` այս իրավիճակից դուրս գալու համար»,- ասել է նա:

Սարգսյանի խոսքով` այս խնդրի շուրջ միջազգային գործընկերների կողմից արձագանքը շարունակաբար աճում է, տարբեր խողովակներով պարբերաբար տեղեկություն է փոխանցվում իրավիճակի վերաբերյալ, այս իրադարձությունները լուսաբանվում են առավել համապարփակ և ամբողջական` հասցեական նշելով, թե ով է մեղավոր աս իրավիճակում, փաստացի արձանագրելով, որ Լաչինի միջանցքը փակ է, և հումանիտար հասանելիությունը ԼՂ առկա չէ:

«Իհարկե, միջազգային գործընկերների, հանրության և հեղինակավոր ԶԼՄ-ների կողմից այս հետաքրքրության աճը կարևոր է, սակայն փաստացի այն բավարար չէ, որ կյանքի ճանապարհը բացվի և հումանիտար բեռը հասնի ԼՂ»,- ասել է նա:

Հարցին` կա որոշակիություն` երբ հնարավոր կլինի հումանիտար բեռը հասցնել ԼՂ, Սարգսյանը պատասխանել է․

«Հետևողական քայլերը շարունակվում են, քննարկումներն ընթացքի մեջ են, հույս ունենք` օր առաջ հնարավոր կլինի դա, սնունդը, դեղորայքը կհասնեն հասցեատերերին և գոնե որևէ կերպ կմեղմեն առկա ճգնաժամը»:

  • Կիսվել: