հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Մեր խմբակցությունը կողմ է քվեարկելու Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրված Սամվել Շահրամանյանի թեկնածությանը. Ստեփանյան

Մեր խմբակցությունը կողմ է քվեարկելու Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրված Սամվել Շահրամանյանի թեկնածությանը. Ստեփանյան

«Մենք այն վիճակում չենք, որ երկար նախաբանով սկսենք մեր ելույթները. կարծում եմ՝ ամեն ինչ պարզ է ու ակնհայտ. Արցախի Հանրապետության հանդեպ սանձազերծված ագրեսիան շարունակվում է և ամեն օր մեր ժողովուրդը բախվում է նոր սպառնալիքների ու նոր փորձության: Այս մասին Արցախի ԱԺ հատուկ նիստում ասաց «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության քարտուղար Գեղամ Ստեփանյանը:

«Նման պայմաններում մեր գլխավոր խնդիրը պետական համակարգն ամուր պահելն է, որովհետև, եթե հետևել եք, կհամաձայնեք իմ տեսակետի հետ, որ մեր հակառակորդների թիրախում 2020թ. նոյեմբերից հետո Արցախի Հանրապետության պետական ինստիտուտներն են՝ անվտանգության, քաղաքական ու տնտեսական ոլորտները համակարգող կառույցները և դրանց գործառույթների սահմանափակումը:

Երկար նախապատմության կարիք չկա նաև ներկայացնելու այսօրվա մեր նիստի կարևորությունը և մեզ սպասվող ընտրության անհրաժեշտությունը: Իմ պատկերացմամբ, մենք այս օրերին բացառիկ հնարավորություն ենք ունեցել հասնել այնպիսի համաձայնության ու համախմբվածության, որին սպասում է մեր ժողովուրդը, որի մասին ամեն քայլափոխի խոսում ենք բոլորս՝ քաղաքական ուժերն ու քաղաքական գործիչները: Վստահ եմ, որ բոլոր խմբակցություններն իրենց բացատրություններն ունեն հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու հարցի համար, բայց դրա հետ մեկտեղ, կասկած չունեմ, որ բոլորի մոտ էլ առաջնային է եղել հարցը կուսակցական ու հատվածական շահերից վեր դասելու և ազգային ու պետական շահով առաջնորդվելու մոտեցումը:

Տեղին չեմ համարում այսօր խոսել նախագահի թեկնածուի անցած ուղու, նրա արժանիքիների մասին, քանի որ այդ ամենը կուտակվել է հենց այսպիսի իրավիճակում դրսևորելու համար: Մեր խմբակցությունը կողմ է քվեարկելու Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում առաջադրված Սամվել Շահրամանյանի թեկնածությանը և կոչ եմ անում իմ գործընկերներին վարվել նույն կերպ»,-նշեց նա:

 

  • Կիսվել: