չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Սերժ Թանկյանի ու Արցախի պետական ջազ նվագախմբի օնլայն կատարումը՝ Արցախի շրջափակման մասին պատմող տեսանյութում

Սերժ Թանկյանի ու Արցախի պետական ջազ նվագախմբի օնլայն կատարումը՝ Արցախի շրջափակման մասին պատմող տեսանյութում

Սերժ Թանկյանը ինստագրամյան իր էջում կիսվել է Traveling Doctor's of Armenia-ի՝ Արցախի շրջափակման մասին պատրաստած տեսանյութով, որում ներգրավված է նաեւ ամերիկահայ երաժիշտը։ Թանկյանը ներկայացնում է Distant Thing երգի կատարումը՝ Արցախի պետական ջազ նվագախմբի հետ օնլայն համագործակցությամբ (նվագախումբը՝ Արցախից, Թանկյանը՝ Լոս Անջելեսից)։

«Հայերը պետք է միավորվեն՝ Արցախում գտնվող մեր քույրերին եւ եղբայրներին օգնելու համար»,-ասում է երաժիշտը,-«Այն, ինչ կատարվում է Արցախում, մարդկային աղետ է, այն, ինչ կատարվում է, էթնիկ ոչնչացում է՝ ցեղասպանություն։ Սա ոչ միայն հայերին է վերաբերում, այլեւ ամբողջ աշխարհին, քանի որ սա ցեղասպանություն է»։

Տեսանյութում Ադրբեջանի կողմից Արցախի անօրինական ու անմարդկային շրջափակմանն են անդրադարձել նաեւ Ռոզա Լինը եւ քաղաքական վերլուծաբան Էրիկ Հակոպյանը: Կատարմամբ հանդես են գալիս նաեւ արցախցի երգիչներ Արթուր Խաչենցն ու Լյոկան։ 

Ռոզա Լինն անդրադառնալով Արցախի պետական ջազ նվագախմբի կողմից իր Hallelujah երգի կատարմանը՝ նշում է,-«Ձեզ անսահման սեր եմ ուղարկում եւ հուսով եմ՝ մենք շատ շուտով կապրենք խաղաղության մեջ»։

Instagram-ում հրապարակված հոլովակին կից Սերժ Թանկյանը գրել է,-«Աշխարհի տարբեր արտիստների երաժշտական կատարումներով մենք կրկին ուշադրություն ենք սեւեռում Արցախի անօրինական շրջափակման վրա եւ կոչ անում միջազգային հանրությանը անհապաղ օգնել դադարեցնելու այն»։ 

  • Կիսվել: