ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Մենք կողմերին կառուցողական աշխատանքի կոչ ենք անում. Զախարովան՝ ԼՂ հարցի մասին

Մենք կողմերին կառուցողական աշխատանքի կոչ ենք անում. Զախարովան՝ ԼՂ հարցի մասին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի «Արցախը Ադրբեջան է, եւ բացականչական նշան» հայտարարությունը։ Զախարովան ասել է, որ Ռուսաստանն իր կողմից ղարաբաղյան հակամարտության կողմերին միշտ կառուցողական մոտեցման կոչ է արել։

Նա նշել է, որ, քանի որ ինքն Ադրբեջանի նախագահի մամուլի քարտուղարը չէ, ուստի և չի կարող իմանալ, թե այդ ասելով՝ ի՛նչ նկատի ուներ Ալիևը, այդ իսկ պատճառով ինքը միայն կարող է գնահատական տալ և ոչ՝ մեկնաբանել:

Զախարովան ընդգծել է, որ այսօր ԼՂ հակամարտության շուրջ բազմաթիվ հայտարարություններ են արվում երևանի ու Բաքվի կողմից, որոնք ունեն ՛՛հուզականության տարբեր աստիճաններ, պատմական համատեքստ՝ արդի համատեքստին տարբեր աստիճանի կապվածությամբ. «Մենք ելնում ենք այն բանակցային օրակարգից, որն ունենք սեղանին»:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ Ռուսաստանն աշխատում է կողմերի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջեւ համաձայնեցված փաստաթղթերով։   

Զախարովան նշել է, որ Ռուսաստանի եւ այլ միջնորդ երկրների խնդիրն է հասնել հակամարտության վերջնական կարգավորմանն ու նպաստել գործընթացի առավելագույն արագացմանը. «Մեր կողմից մենք մշտապես կառուցողական մոտեցման կոչ ենք արել կողմերին, եւ կասկածել, որ հենց դա է նրանց նպատակը, ես չեմ կարող եւ չեմ ցանկանում, քանի որ բոլորը պատասխանատու քաղաքական գործիչներ են եւ արտահայտում են իրենց ժողովուրդների ակնկալիքները: Եվ բոլոր ժողովուրդներն այդ ճգնաժամի ամբողջ ընթացքում միշտ պատվիրակել են իրենց ղեկավարություններին  այդ հարցի կարգավորումը: Այդ իսկ պատճառով մենք զբաղվում ենք մեր դերով, ինչպես կարծում ենք՝ առավելագույնս կառուցողական, եւ բոլորին կառուցողական աշխատանքի եւ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու կոչ ենք անում»:

  • Կիսվել: