ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
«Մենք ենք մեր սարերը» գործակալությունը շուրջ 260 տոննա սննդամթերք կտրամադրի Արցախին

«Մենք ենք մեր սարերը» գործակալությունը շուրջ 260 տոննա սննդամթերք կտրամադրի Արցախին

«Մենք ենք մեր սարերը» գործակալությունը շուրջ 260 տոննա սննդամթերք կտրամադրի Արցախի պետական պահուստում ներառելու եւ սոցիալական խմբերին հատկացնելու համար

«Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը համագործակցության հուշագրեր է ստորագրել Արցախի Հանրապետության սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության ու ԱՀ ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության հետ:

Հուշագրերի համաձայն՝ «Մենք ենք մեր սարերը» գործակալությունը ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությանն անհատույց կտրամադրի մոտ 80 տոննա սննդամթերք՝ բնակչության սոցիալական համապատասխան խմբերին հատկացնելու համար: Իսկ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությանը կտրամադրվի ավելի քան 180 տոննա սննդամթերք՝ Արցախի Հանրապետության պետական պահուստում ներառելու նպատակով:

Շրջափակման ընթացքում «Մենք ենք մեր սարերը» գործակալությունը նախաձեռնել և իր նվիրատուների միջոցներով և աջակցությամբ սկսել էր իրականացել «Արցախի պարենային պահուստի համալրում» ծրագիրը, որի նպատակը սննդարար, բայց միաժամանակ փոխադրման և պահպանման տեսանկյունից առավել նպատակահարմար ապրանքատեսակների ձեռքբերումն էր:

«Շրջափակումը ցույց տվեց, թե հատկապես ինչպիսի առաջնային սննդամթերքի կարիք ունենք: Մասնագետների հետ քննարկվեցին եւ ընտրվեցին այնպիսի ապրանքատեսակներ, որոնք կարող են բնակչության համար բալանսավորված սնունդ ապահովել եւ առավել հարմար են պահպանման տեսանկյունից: Կազմակերպվեց դրանց ձեռքբերումն ու փոխադրումը, եւ հիմա բեռների մեծ մասն արդեն հասցվել է Արցախ: Այս հուշագրերի նպատակն է ապրանքները փոխանցել համապատասխան գերատեսչություններին, որպեսզի նրանք իրականացնեն բաշխումն ու հետագա տնօրինումը»,- ասել է Գործակալության Արցախի նախագծերի ղեկավար Գրիգորի Մարտիրոսյանը:

*** «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալությունը նախաձեռնում և իրագործում է Արցախի և Սյունիքի զարգացման ծրագրեր՝ սերտորեն համագործակցելով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կառավարությունների, ինչպես նաև տեղական, միջազգային և մասնավոր այլ կազմակերպությունների հետ։ «Մենք ենք մեր սարերը» ճգնաժամի պահին մարդասիրական օգնություն է տրամադրում Արցախի ժողովրդին՝ նպաստելով տարածաշրջանի ֆինանսական անկախությանը, բարելավելով առաջնային առողջապահությունը և աջակցելով երեխաներին ու երիտասարդներին։ Գործակալության հիմնադիրը Ռուբեն Վարդանյանն է:

  • Կիսվել: