երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մեկնարկել է «ՄՕՄ Արցախ. Արցախի մայրիկների համար» ծրագիրը

Մեկնարկել է «ՄՕՄ Արցախ. Արցախի մայրիկների համար» ծրագիրը

Այսօր՝ փետրվարի 18-ին, ՄՕՄ-ի(Միշել Օդեն Մայր) և ԱՀ Առողջապահության նախարարության համատեղ նախաձեռնությամբ առցանց մեկնարկել է «ՄՕՄ- Արցախ. Արցախի մայրիկների համար» ծրագիրը։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ քննարկվել է «Արցախի մայրիկների և մանկիկների սնուցման բարելավման և կրծքով կերակրման մասնագիտական աջակցության ծրագիր»֊ը։
 
Մեզ հետ զրույցում մանկաբույժ, ԱՀ Առողջապահության նախարարության մանկաբուժության գծով խորհրդատու Էռնեստ Լալայանն ընդգծել է մայրական կաթի անփոխարինելի լինելը երեխաների համար։

«Ոչ մի լավագույն կաթնախառնուրդ չի կարող փոխարինել մոր կաթին, քանի որ դրա բաղադրությունը ունիկալ է։ Այն նորածին երեխաներին պաշտպանում է ինֆեկցիաներից. կաթի կազմում ճարպերի, սպիտակուցների և ածխաջրերի անհրաժեշտ քանակ կա մանկան օրգանիզմի աճի համար։ Բացի այդ, այն նաև պաշտպանում է մորը կրծքի քաղցկեղից, կանխում է շաքարային դիաբետը, կանխարգելում՝ երկրորդ տիպի սրտանոթային համակարգի հիվանդությունները։ Այդ պատճառով և՛ մոր, և՛ երեխայի համար կրծքի կաթով սնուցումը, միանշանակ, ունիկալ է»,-նշել է Է. Լալայանը։
 
Քննարկմանը մասնակցում էր մանկական վիրաբույժ, ուրոլոգ, Արաբկիր բժշկական կենտրոնի կառավարման խորհրդի նախագահ, գիտական ղեկավար, Արցախի Մարդասիրական աջակցության նախաձեռնության համակարգող Արա Բաբլոյանը։
 
Իր խոսքում նա նշել է, որ Արցախի մայրիկները պետք է լինեն ծրագրի շարժիչ ուժը։
 
«Ինչ-որ նյութ կամ մանկական սնունդ արտադրող ընկերություն չպետք է կարողանա երեխաների առողջության հաշվին շահույթ ունենալ։ Սա կարևոր գաղափար է։ Մասնագետների հետ միասին մենք ուզում ենք հասնել նրան, որ երեխաները մայրիկների կրծքի կաթը ստանան, և միայն խիստ անհրաժեշտության դեպքում այլ սնունդ ստանան»,-ընդգծել է Ա. Բաբլոյանը։

Բժիշկ-մարդաբան, «ՄՕՄ Հայաստան» և «ՄՕՄ Արցախ»-ի հիմնադիր Աստղիկ Վարդանյանն էլ իր խոսքում անդրադարձել է  ՄՕՄ-ի բոլոր անդամների անձնվեր աշխատանքին ու պատրաստակամությունը՝անել հնարավոր ամեն ինչ արցախցի մայրիկների համար։
 
«Ես, ամեն օր շփվելով արցախցի մայրիկների հետ, հիանում եմ նրանց կամքով, գիտելիքներով, բանիմացությամբ։ Մենք պատրաստ ենք խորհուրդներ տալ Արցախի մայրիկներին, որպեսզի այս ծանր իրավիճակում փորձեն կրծքով կերակրել իրենց փոքրիկներին»,-հավելել է Ա. Վարդանյանը։

 

  • Կիսվել: