«Մեկ ժամ անդադար մանր կարկուտ էր տեղում»․ Չլդրան գյուղում կարկուտը վնասել է բերքի կեսը
Արցախի Հանրապետության Չլդրան գյուղում ապրիլի 30-ի երեկոյան տեղացած կարկուտը ոչնչացրել է բանջարաբոստանային մշակաբույսերի կեսը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետ Աշոտ Ղուլյանը։
«Մեծ վնաս է կրել նաեւ ցորենը եւ տանձենիները, խնձորենիները եւ սալորենիները։ Մոտ մեկ ժամ անդադար մանր կարկուտ է տեղացել, նման կարկուտ երկար տարիներ չէր գրանցվել մեզ մոտ»,- նշեց նա։
Ղուլյանի խոսքով՝ կարկուտը տների տանիքները եւ ավտոմեքենաները չի վնասել։ Գյուղում հակակարկտային կայան չի գործում, դրա համար էլ վնասները մեծ են եղել։
«Կայանների համար առաջնահերթությունը տրվում է սահմանամերձ գյուղերին։ Մասնագետներն այժմ գնահատում են վնասները, կհասկանանք՝ փոխհատուցումն ինչպես կլինի։ Մոտ 100 ընտանիքի վնաս է կրել»,- նշեց նա։