հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Մատենա» միջազգային դպրոցն առաջնորդության նոր դասընթաց է սկսում Արցախի մասնագետների համար

«Մատենա» միջազգային դպրոցն առաջնորդության նոր դասընթաց է սկսում Արցախի մասնագետների համար

«Մատենա» միջազգային դպրոցը սկսում է ևս մեկ դասընթաց՝ Արցախի Հանրապետության հանրային և մասնավոր ոլորտներում աշխատող այն մասնագետների համար, որոնք ցանկանում են զարգացնել առաջնորդության հմտությունները և ստանձնել պատասխանատվություն իրենց բնագավառում, կազմակերպությունում կամ թիմում:

Ապրիլի 3-ից մեկնարկել է դասընթացի մասնակցության հայտերի ընդունումը, որը կշարունակվի մինչև ապրիլի 20-ը։ Մասնակցության հայտը հնարավոր է լրացնել առցանց եղանակով։

Ընդունելությունն անցկացվելու է 2 փուլով՝ գրավոր և բանավոր: Առաջին խմբի համար նախատեսված դասընթացը տեղի է ունենալու մայիսի 6-ին և 7-ին` Ստեփանակերտի «Մեր սարերը» կենտրոնում: Արցախի ծրագրերի բոլոր մասնակիցներն ամբողջական կրթաթոշակ կստանան «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության կողմից։

«Մատենա» դպրոցի համահիմնադիր Ռուբեն Հայրապետյանը նշում է, որ ակնկալում են մասնակիցների ակտիվ հոսք՝ հաշվի առնելով Արցախում կազմակերպված նախորդ դասընթացների նկատմամբ մասնակիցների ցուցաբերած հետաքրքրությունը։ «Մենք տպավորված ենք մեր նախորդ հանդիպումներից և կարծում ենք, որ այս անգամ ևս դասընթացը կլինի հագեցած և օգտակար։ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը թեև փոխեց մեր ծրագրերի ժամկետները, բայց ևս մեկ անգամ ընդգծեց դրանց կարևորությունը։ Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի շրջափակման մեջ գտնվող մեր հայրենակիցները չզրկվեն կրթություն և նոր գիտելիք ստանալու իրենց իրավունքից»,– ասում է Ռուբեն Հայրապետյանը։

Նշենք, որ սա արդեն «Մատենա» միջազգային դպրոցի երրորդ դասընթացն է Արցախում։ Վերապատրաստումների առաջին ծրագիրն անցկացվել էր 2022-ի նոյեմբերին՝ Արցախի պետական կառավարման մարմինների բարձր օղակի ղեկավարների համար։ Դեկտեմբերին կազմակերպվել էր ծրագրի երկրորդ փուլը՝ պետական բարձր և միջին օղակների աշխատողների համար։

«Մատենա»-ի և «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության համագործակցության արդյունքում Արցախում կրթական նման ծրագրերը կլինեն շարունակական։

«Մատենա» առաջնորդության և մասնագիտական զարգացման միջազգային դպրոցը գործում է 2021 թվականից։ «Մատենայի» նախաձեռնողներն ու հիմնադիրներն են «UWC Dilijan» միջազգային դպրոցի և «Սկոլկովո» կառավարման մոսկովյան դպրոցի հիմնադիր գործընկեր Ռուբեն Վարդանյանը և տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը: «Մատենան» համագործակցում և համատեղ կրթական ծրագրեր է իրականացնում աշխարհի առաջատար համալսարանների և բիզնես դպրոցների հետ: «Մատենայի» առաքելությունն է գիտելիքի կուտակման և համաշխարհային առաջավոր փորձի տարածման միջոցով նպաստել մասնագիտական հմտությունների և առաջնորդության կարողությունների զարգացմանը՝ նրանց համար, ովքեր իրենց մասնագիտական ոլորտներում մշտապես ձգտում են կատարելագործման և գերազանցության, գրում է artsakhpress.am-ը:

  • Կիսվել: