շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մասիս Մայլիյանը մեսիա չէ. Վահրամ Աթանեսյան

Մասիս Մայլիյանը մեսիա չէ. Վահրամ Աթանեսյան

Մասիս Մայլիյանը նույն իշխանության թևի ներկայացուցիչն է, 2017 թվականին նշանակվել է արտաքին գործերի նախարար։ Ես չեմ կիսում այն տպավորությունը, թե նա ինչ-որ մեսիա է, բացառիկ առաքելություն ունի Արցախում իրականացնելու կամ արտառոց երևույթ է։ Մասիս Մայիլյանը մեկ անգամ 2007-ին եղել է նախագահի թեկնածու և եթե չեմ սխալվում, ստացել է մոտավորապես 14 տոկոս ձայն։

Հարցազրույց քաղաքագետ, Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանի հետ

Արցախում նախագահական ընտրություններից առաջ կարծես ուրվագծվում են հիմնական թեկնածուները։ Կներկայացնե՞ք ի՞նչ իրավիճակ է։

Ես առանձնակի նորություն չեմ տեսնում։ Նույն մարդիկ են, նույն նախագահական հավակնություններով։ Այն, ինչ տեղի է ունենում, դրա մասին ամիսներ շարունակ խոսվում էր։ Ընտրությունները կկայանան, և պարզ կլինի, թե ժողովուրդը նրանցից ում է վստահում, վստահության քվե տալիս։

Դուք ասում եք նորություն չկա, բայց Մասիս Մայիլյանի հայտարարությունը առաջադրվելու մասին, կարծես թե նորություն էր։

Ոչ, դա նորություն է գուցե երևանյան շրջանակների համար։ Արցախում վաղուց գիտեին, որ Մասիս Մայիլյանը նախապատրաստում է իր թեկնածությունն առաջադրել։

Պարոն Աթանեսյան, ի՞նչ է նշանակում նրա առաջադրումը։

Ոչ մի բան, արտառոց ոչ մի բան։

Երևանում, օրինակ, որոշ շրջանակներ ասում են, որ նրա թեկնածության առաջադրումը հակակշիռ է գործարար շրջանակներին։

Ոչ մի բանի էլ չի հակակշռում։ Մասիս Մայլիյանը նույն իշխանության թևի ներկայացուցիչն է, 2017 թվականին նշանակվել է արտաքին գործերի նախարար։ Ես չեմ կիսում այն տպավորությունը, թե նա ինչ-որ մեսիա է, բացառիկ առաքելություն ունի Արցախում իրականացնելու կամ արտառոց երևույթ է։ Մասիս Մայիլյանը մեկ անգամ 2007-ին եղել է նախագահի թեկնածու և եթե չեմ սխալվում, ստացել է մոտավորապես 14 տոկոս ձայն։

Դուք այս ընտրություններում ո՞ւմ եք ֆավորիտ համարում։

Ես չէ, որ պետք է ֆավորիտ համարեմ կամ չհամարեմ։ Իրականությունը այն է, որ մեկնարկային ավելի մեծ հնարավորություն ունի «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը։ Դա ապացուցվեց նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, երբ Արցախի 228 համայնքներից ավելի քան 170-ում հաղթանակ են տարել Ազատ հայրենիք կուսակցության անդամները կամ դրա համակիրները։ Սա է իրականությունը։

Որոշ շրջանակների կարծիքով, այդ հարցում Արայիկ Հարությունյանին օգնել են ֆինանսական ռեսուրսը։ Դուք ի՞նչ կարծիքի եք։

Ես նման մեկնաբանությունների չեմ հանդիպել։ Բայց եթե կա այդպիսի տպավորություն, ապա դա թյուր տպավորություն է, որովհետև Արայիկ Հարությունյանը արդեն մեկ և կես տարի է՝ պետական պաշտոն չի զբաղեցնում, վարչական լծակների չի տիրապետում, ՏԻՄ ընտրություններում, ինչպես բոլոր դիտորդներն են վկայել, փողի բաժանում, ընտրակեղծիքներ, չեն եղել։ Տեղի են ունեցել ազատ, արդար, մրցակցային ընտրություններ և դրանցում «Ազատ Հայրենիքի» տպավորիչ հաջողությունը վկայում է, որ Արայիկ Հարությունյանին հաջողվել է ձևավորել քաղաքական լուրջ թիմ, և այդ թիմը արդար, բաց մրցակցության մեջ արձանագրել է այն հաջողությունը, ինչի մասին ես ասացի։

Դուք ասում եք Արայիկ Հարությունյանը չունի վարչական ռեսուրս, բայց հայտնի է, որ նա բիզնեսմեն է ու ունի ֆինանսական ռեսուրս։ Դա որոշիչ դեր չի՞ խաղում ընտրություններում։

 Չգիտեմ՝ ով ինչ ռեսուրս ունի, բայց փաստն այն է, որ ՏԻՄ ընտրությունները դիտորդների գնահատմամբ, եղել են ազատ արդար, թափանցիկ և մրցակցային։ Այսինքն՝ գումարը, փողը եթե կա էլ, ապա այս ընտրություններում դա չի աշխատել։ Դա երաշխիք է, որ չի աշխատելու նաև 2020 թվականի նախագահական ընտրություններում։ Թե ինչ միջոցների է տիրապետում Արայիկ Հարությունյանը, դա իր իմանալիքն է և եթե չեմ սխալվում, հարցազրույցներից մեկում ասել է, թե մոտ ժամանակներում կհրապարակի իր ունեցվածքի մասին տեղեկություն և ցույց կտա այդ ունեցվածքի աղբյուրները։

Դուք ակնկալում եք, որ Արցախում ազատ, արդար ընտրություններ կկայանան։

Ես չեմ կասկածում, եթե իհարկե, արտաքին միջամտություն չլինի և իրերի դրությունը չփոխվի։ Այս պահի դրությամբ որևէ կասկած չկա, որ ընտրությունները լինելու են ազատ, արդար ու մրցակցային։ Կրկնեմ՝ եթե արտաքին միջամտություն չլինի։

Իսկ ո՞վ կարող է միջամտել, Հայաստանի իշխանություննե՞րը։

Հայաստան ասելիս ինչո՞ւ եք միայն նկատի ունենում գործող իշխանություններին։ Հնարավոր է, որ ընտրություններին միջամտեն նաև Հայաստանի նախկին իշխանությունները։

Նկատի ունեք՝ Սերժ Սարգսյանի ու նրա կողմնակիցների ազդեցությո՞ւնը ընտրություններին։

Ես չեմ ասում՝ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի... ես ասում եմ՝ հնարավոր է ընտրություններին միջամտեն նախկին իշխանությունները։ Այսինքն՝ էսպես ասեմ՝ Հայաստանի նախկին իշխանությունների միջամտությունը ընտրություններին ավելի ընդգծված է, քան գործող իշխանությունների։

Իսկ ինչպե՞ս է այդ միջամտությունն արտահայտվում։

Ստեփանակերտում հիմնական տպավորությունն այն է, որ Հայաստանի նախկին իշխանությունները փորձում են Արցախում իշխանության բերել իրենց թեկնածուին։

Որը Վիտալի Բալասանյա՞նն է։

Ես չգիտեմ Վիտալի Բալասանյանն է, թե Պողոս Պողոսյանը, բայց նման տպավորություն Ստեփանակերտում կա։ Դա իրականությանը մոտ տպավորություն է։

Դա լա՞վ է, թե՞ վատ։

Դա շատ վատ է։ Ես կարծում եմ՝ պետք է արցախցուն տալ հնարավորություն, որպեսզի ինքը ընտրի իր ապագա իշխանությանը և ոչ թե գործի արտաքին միջամտության գործոնը։

Իսկ Հայաստանի գործող իշխանությունների կողմից ընտրական պրոցեսներին որևէ միջամտություն տեսնո՞ւմ եք։

Ես չեմ տեսնում։

 

 

 

  • Կիսվել: