հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Մանրամասներ Արցախի Խորհրդարանում վեց ժամ տևած փակ նիստից․ Նախագահ Հարությունյանի շուրջ քաղաքական կոնսոլիդացիա է ձևավորվել

Մանրամասներ Արցախի Խորհրդարանում վեց ժամ տևած փակ նիստից․ Նախագահ Հարությունյանի շուրջ քաղաքական կոնսոլիդացիա է ձևավորվել

InfoPort.am-ին հայտնի են դարձել բացառիկ մանրամասներ երեկ Արցախի խորհրդարանում վեց ժամ տևած փակ նիստից։ Ինչպես կայքին հայտնեց նիստին մասնակցած ոչ իշխանական պատգամավորներից մեկը, քննարկումներն ու խորհրդակցությունները անցել են բավականին կոնտստրուկտիվ մթնոլորտում և նախագահ Հարությունյանի շուրջ հաջողվել է քաղաքական կոնսոլիդացիա ապահովել հետագա որոշումների և քայլերի կայացման հարցում։

«Ճիշտ է, նիստի ժամանակ հնչել են տարբեր տեսակետներ իրավիճակի և դրա հանգուցալուծման շուրջ, տարբեր ելույթներ` էմոցիոնալ, ռացիոնալ, բայց և որոշումները ընդունվել են բացարձակ կոնսենսուսով՝ իրավիճակի և դրանից դուրս գալու ելքերի, առկա և հնարավոր ռիսկերի, դրանց դիմակայելու հնարավորությունների համակողմանի վերլուծությամբ։

Ի վերջո բոլորը համաձայնել են քննարկվող տարբերակների շուրջ, այդ թվում ընդդիմադիր ուժերը, Սամվել Բաբայանը և Արցախի նախկին նախագահներ՝ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը։ Այս առումով կարող ենք ասել, որ նախագահ Հարությունյանը միասնական մանդատ ստացավ ընդունված որոշումները ի կատար ածելու համար»,- նշեց պատգամավորը։

Նա նաև նշեց, որ որոշում է կայացվել ավելր սերտ աշխատել ՀՀ իշխանությունների հետ՝ Արցախին վերաբերող օրակարգը սինքրոնիզացնելու համար։  

Ինչ վերաբերվում է նախագահի հնարավոր հրաժարականի հարցին, ապա նրա հավաստմամբ այս պահին այդ հարցը օրակարգային չէ, և հատկապես գիշերվա նիստից հետո Արայիկ Հարությունյանը ստացավ բոլոր քաղաքական ուժերի և նախկին նախագահների միասնական մանդատը ընդունված որոշումների հիման վրա գործելու համար։

Պատգամավորը նաև նշեց, որ խորհրդակցությանը ներկա չէր միայն Ռուբեն Վարդանյանը։ «Այս առումով կարող ենք փաստել, որ ներկայումս Արցախում ձևավորվել է՝ «կոնսենսուս մինուս մեկ» բանաձևը»,- նկատեց նա։

Նշենք, որ «գիշերային» խորհրդակցության ժամանակ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղղությամբ ամեն դեպքում կոնսենսուսային որոշում կայացվել է, բայց մենք զերծ կմնանք այն հրապարակելուց, մինչև պաշտոնական հայտարարությունը։

Հիշեցնենք նաև, որ այսօր առավոտյան ժամը 9-ին նախագահ Հարությունյանը երեկ Լաչինի ադրբեջանական ապօրինի անցակետից առևանգված երիտասարդների ծնողներին կանչել է նախագահական՝ խոստանալով նրանց զավակների հետ ուղիղ կապ։

Նախագահը նաև հավաստել է, որ շուտով երիտասարդները կվերադարձվեն հայրենիք կոնկրետ պաշտոնյայի ուղեկցությամբ։ «Երբ ծնողները գան նախագահական նստավայր, տեղում կիմանան, որ պաշտոնյայի ուղեկցությամբ և երբ կվերադարձվեն երիտասարդները»,- հավաստեց երկրի ղեկավարը։

  • Կիսվել: