երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ՄԱԿ-ի գրասենյակն ակցիայի մասնակիցներին առաջարկ է ներկայացրել, որը մերժվել է. Հովսեփյան

ՄԱԿ-ի գրասենյակն ակցիայի մասնակիցներին առաջարկ է ներկայացրել, որը մերժվել է. Հովսեփյան

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը, որը ՄԱԿճի գրասենյակի մոտ հաջակցություն Արցախի բողոքի ակցիա է իրականացնում, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակը մի քանի առաջարկներ է արել, որոնք բոլորն էլ անընդունելի են։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հովսեփյանը գրասենյակի մոտ բողոքի ակցիա էր կազմակերպել` աջակցելու համար Արցախում շրջափակման մեջ գտնվող մարդկանց։ Ակցիայի մասնակիցները կաթնախառնուրդներ էին բերել և դիմել ՄԱԿ–ի գրասենյակ` այն Արցախ հասցնելու խնդրանքով։

՛՛Որպեսզի կաթնախառնուրդները չփչանան, առաջարկեցին, որ փոխանցենք «Առաքելություն Հայաստան» կազմակերպությանը, որն էլ կբաժանի Հայաստանում գտնվող արցախցի ընտանիքներին։ Ես ասացի, որ այդ ընտանիքների տեղն իրենցից լավ գիտենք, շատերին օգնել ենք ու օգնում ենք մինչև այսօր, սա Արցախում գտնվող երեխաների համար է՛՛,– նշեց Հովսեփյանը։

Նրա խոսքով` իրեն նաև ասվել է, որ Հայաստանում այսօր չկա թեկուզ մեկ միջազգային կազմակերպություն, որն այսօր Արցախի տարածք մտնելու իրավունք ունի։
՛՛Ես հասկացա, որ դա նաև մեր իշխանությունների թեթև ձեռքով է եղել, քանի որ ընդունել են, որ Արցախն Ադրբեջան է՛՛,–ասաց նախկին պատգամավորը։

Նա հավելեց,  որ իրենց առաջարկվել է նաև ևս մեկ տարբերակ՝ ՄԱԿ–ի հայաստանյան գրասենյակը կապ հաստատի Ադրբեջանի գրասենյակի հետ։ Քանի որ սա հումանիտար խնդիր է, և երեխաների ապրելու իրավունքի մասին է խոսքը, Ադրբեջանի գրասենյակը կաթնախառնուրդը հասցնի երեխաներին, սակայն իրենք կտրականապես հրաժարվել են այդ տարբերակից։

Նշենք, որ հավաքվածներից ոմանք սկսեցին ՛՛ամոթ՛՛ վանկարկել` ուղղված գրասենյակին։
Ակցիայի մասնակիցները որոշեցին մնալ գրասենյակի շենքի առջև` պնդելով, որ կաթնախառնուրդները տեղ հասցնեն։

  • Կիսվել: