շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Մահացել է ԱՀ քաղաքաշինության նախկին նախարար Վաղարշակ Փալանջանյանը

Մահացել է ԱՀ քաղաքաշինության նախկին նախարար Վաղարշակ Փալանջանյանը

Հուլիսի 29-ին կյանքից հեռացել է Արցախի Հանրապետության քաղաքաշինության նախկին նախարար Վաղարշակ Սերգեյի Փալանջանյանը:

 Հանրապետության Քաղաքաշինության նախարարությունը Վաղարշակ Փալանջանյանի մահվան կապակցությամբ իր խորին ցավակցությունն է հայտնում նրա ընտանիքի անդամներին, հարազատներին ու գործընկերներին:

Վաղարշակ Փալանջանյանը, հայրենի երկրամասում աշխատանքային գործունեությունը սկսելով դեռևս խորհրդային ժամանակաշրջանում, անուրանալի ներդրում է ունեցել նաև Արցախյան ազատամարտին հաջորդած շրջանում երկրի հետպատերազմյան վերականգնման գործում: Դժվարին ժամանակահատվածում՝ 1999 թվականին, ստանձնելով ԼՂՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնը, նա մեծ ջանքերով իր նպաստն է բերել գերատեսչության կայացման և ոլորտի հետագա զարգացման գործում:

«Վաղարշակ Փալանջանյանի գործն ու հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում»,- ասված է ԱՀ Քաղաքաշինության նախարարության ցավակցական հաղորդագրության մեջ:

Ստորև ներկայացնում ենք Վաղարշակ Փալանջանյանի կենսագրությունը.

Ծնվել է 1945 թվականին, Ստեփանակերտ քաղաքում։

1963 թ. ավարտել է աշխատավոր երիտասարդության երեկոյան դպրոցը։

1962-1966 թթ. աշխատել է Ստեփանակերտի էլեկտրատեխնիկական գործարանում։

1967 թվականից աշխատել է շինարարության բնագավառում` զբաղեցնելով հետևյալ պաշտոնները՝ վարպետ, արտադրատեխնիկական բաժնի ինժեներ, բաժնի պետ, շինարարական վարչության գլխավոր ինժեներ, «Ագրոպրոմստրոյ» ասոցիացիայի ղեկավար, նախագծերի և գնահատումների պետական փորձաքննության պետ, Կապիտալ շինարարության վարչության պետ:

1974 թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, իսկ 1980թ. Մոսկվայի կառավարման ինստիտուտի արտադրության և կառավարման կազմակերպիչների ֆակուլտետը: 1999-2002 թթ. եղել է ԼՂՀ քաղաքաշինության նախարար։

2002 -2004 թթ. զբաղեցրել է քաղաքաշինության փոխնախարարի պաշտոնը։

2004 թվականից «Մոնոլիտ» ՓԲԸ նախագծային կազմակերպության տնօրենն էր:

Վաղարշակ Փալանջանյանի վերջին հրաժեշտի արարողությունը կկայանա հուլիսի 31-ին՝ ժամը 13:00-ին, մայրաքաղաքի Իվանյան 7 հասցեից։

  • Կիսվել: