երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Լրագրողի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու դեպքի առնչությամբ Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ. ԱՀ ՄԻՊ

Լրագրողի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրելու դեպքի առնչությամբ Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ. ԱՀ ՄԻՊ

Հուլիսի 11-ին ՍիվիլՆեթ լրատվականի լրագրող Հայկ Ղազարյանի` Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված բանավոր դիմումի և համացանցում տարածված տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք հարձակվել են լրագրողի վրա, քաշքշել և հարվածներ հասցրել։ Հարցի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի ֆեյսբուքյան գրառումից:

՛՛Մարդու իրավունքների պաշտպանը խստագույնս դատապարտում է լրագրողի նկատմամբ կիրառված բռնությունը՝ պահանջելով իրավապահ մարմիններին ձեռնարկել բոլոր գործողությունները դեպքի մանրամասները բացահայտելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ՛՛,-ասված է գրառման մեջ։

Այսօր ավելի վաղ ԱՀ ՄԻՊ-ը հայտնել էր. ՛՛Հուլիսի 9-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է դիմել ՍիվիլՆեթի լրագրող Հայկ Ղազարյանը՝ տեղեկացնելով, որ ԱՀ դատախազության շենքի դիմաց իրականացվող ակցիայի ժամանակ ԱՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողն իրենից ապօրինաբար խլել է բջջային հեռախոսը՝ խոչընդոտելով լրագրողի մասնագիտական գործունեությանը և մինչ բողոք ներկայացնելու պահը, հեռախոսը իրեն չեն վերադարձրել:

Պաշտպանի աշխատակազմի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հեռախոսը վերադարձվել է Հայկ Ղազայանին, որը, ստուգելով հեռախոսի պարունակությունը, հայտնել է, որ Ոստիկանության ծառայողը հեռախոսից ջնջել է հավաքի վերաբերյալ կատարված տեսաձայնագրությունները, որոնցում արձանագրված էին նաև նույն օրը ԱՀ դատախազության շենքի դիմացից փաստաբաններին բերման ենթարկելու ժամանակ ոստիկանության ծառայողների գործողությունները: Հարկ է նշել, որ ոստիկանության համապատասխան ծառայողը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչին հայտնել է, որ ինքը չի իմացել, որ Հայկ Ղազարյանը լրագրող է, չի տեսել նրա տարբերակիչ նշանը, իսկ այդ մասին իմանալուն պես անմիջապես ցուցում է տվել իր ծառայողների հեռախոսը վերադարձնել տիրոջը՛՛։
 

  • Կիսվել: