երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը խիստ անընդունելի է. ԱՀ ՄԻՊ

Լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը խիստ անընդունելի է. ԱՀ ՄԻՊ

Հուլիսի 9-ին Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է դիմել ՍիվիլՆեթի լրագրող Հայկ Ղազարյանը՝ տեղեկացնելով, որ ԱՀ դատախազության շենքի դիմաց իրականացվող ակցիայի ժամանակ ԱՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողն իրենից ապօրինաբար խլել է բջջային հեռախոսը՝ խոչընդոտելով լրագրողի մասնագիտական գործունեությանը և մինչ բողոք ներկայացնելու պահը, հեռախոսը իրեն չեն վերադարձրել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
 
՛՛Պաշտպանի աշխատակազմի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում հեռախոսը վերադարձվել է Հայկ Ղազայանին, որը, ստուգելով հեռախոսի պարունակությունը, հայտնել է, որ Ոստիկանության ծառայողը հեռախոսից ջնջել է հավաքի վերաբերյալ կատարված տեսաձայնագրությունները, որոնցում արձանագրված էին նաև նույն օրը ԱՀ դատախազության շենքի դիմացից փաստաբաններին բերման ենթարկելու ժամանակ ոստիկանության ծառայողների գործողությունները: Հարկ է նշել, որ ոստիկանության համապատասխան ծառայողը Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցչին հայտնել է, որ ինքը չի իմացել, որ Հայկ Ղազարյանը լրագրող է, չի տեսել նրա տարբերակիչ նշանը, իսկ այդ մասին իմանալուն պես անմիջապես ցուցում է տվել իր ծառայողների հեռախոսը վերադարձնել տիրոջը։
 
Հուլիսի 11֊ին ՍիվիլՆեթ լրատվական կայքում հրապարակված «Արցախի ուժային կառույցներին հորդորում ենք չխոչընդոտել ՍիվիլՆեթի թղթակցի աշխատանքը» վերտառությամբ նյութում բարձրաձայվել է այն մասին, որ հուլիսի 10-ին ՍիվիլՆեթի լրագրող Հայկ Ղազարյանին հրավիրել են Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայություն, որտեղ և սպառնալիքներ են հնչեցրել լրագրողի հասցեին։
 
Մարդու իրավունքների պաշտպանը ընդգծում է. լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը խիստ անընդունելի և դատապարտելի է։
 
Մարդու իրավունքների պաշտպանի կողմից համապատասխան գրություններ կհասցեագրվեն ԱՀ գլխավոր դատախազություն և ԱՀ ներքին գործերի նախարարություն հավաքագրված նյութերի հետ միասին՝ նշված դեպքի հանգամանքները մանրամասն և բազմակողմանի քննության առարկա դարձնելու պահանջով՛՛,-նշել է նա:

  • Կիսվել: