երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
ԼՂ–ում գազի խափանման հետ «բնապահպանները» կապ չունեն․ պետականորեն է իրականացվում. Փաշինյան

ԼՂ–ում գազի խափանման հետ «բնապահպանները» կապ չունեն․ պետականորեն է իրականացվում. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ Կառավարության նիստի սկզբում անդրադարձավ Ադրբեջանի կողմից Արցախում գազամատակարարման պարբերական արգելափակումներին․ 

«Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը դադարեցրել է 7 անգամ, ընդ որում՝ այս վիճակագրությունը չի արտահայտում ամբողջ պատկերը, որովհետև գազամատակարարման դադարեցումների և վերականգնումների արանքում էլ տեղի են ունենում այլազան իրադարձություններ։ Օրինակ, գազամատակարարումը դադարեցվում է ոչ թե ամբողջությամբ, այլ 50%-ով, հետո մատակարարվող գազի ծավալը դառնում է 70%, հետո իջնում դառնում 10%-ի, հաջորդ պահին դառնում 30%, հետո՝ վերականգնվում ամբողջությամբ, հետո նորից դառնում 40% և այսպես շարունակ։ Նման վայրիվերումները օրվա մեջ կարող են տեղի ունենալ մի քանի անգամ կամ մի քանի օրը մեկ։ Սա ոչ թե «բնապահպաններն» են, այլ պետականորեն իրականացվող գործողություն է, որովհետև եթե «բնապահպանները» Լաչինի միջանցքում ներկա են և տեսանելի, գազախողովակում նրանք չեն նկատվել»,-նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ 2022 թ․-ի դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղին գազ մատակարարող խողովակի հետ կատարել է նմանատիպ շուրջ 27 գործողություն։ 

Փաշինյանն ընդգծեց՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, որը «բնապահպանանական» քողարկում ունի, Լեռնային Ղարաբաղում հանգեցրել է իրական բնապահպանական խնդիրների, որովհետև Ադրբեջանը արգելափակել է նաև ԼՂ էլեկտրական հոսանքի մատակաարարումը, ու քանի էլեկտրական էներգիա արտադրելու տեղական հզորությունները բավարար չեն, ԼՂ իշխանությունները ստիպված են էլեկտրական հոսանքի հովհարային անջատումներ իրականացնել, 6,8, 10 ժամով՝ կախված եղանակից․ «Այս պայմաններում ԼՂ մեր հայրենակիցները ստիպված են իրենց տները տաքացնելու համար փայտանյութ օգտագործել, որը իր հերթին բերում է անտառային հատումների, ինչը բնապահպանական լուրջ աղետի վերածվելու պոտենցիալ ունի, մանավանդ եթե հաշվի առնենք, որ ԼՂ-ում ձյուն է տեղացել, և գիշերը օդի ջերմաստիճանը նվազում է մինչև -5 աստիճան։ Սրանով, ըստ այդմ ևս մեկ անգամ հօդս է ցնդում Ադրբեջանի, իբր, «բնապահպանական» նպատակադրումները, որովհետև Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, որը սկսել է 60 oր առաջ, բացի հումանիտար ճգնաժամից հանգեցրել է նաև բնապահպանական ճգնաժամի»։ 

Ըստ վարչապետի՝ Ադրբեջանի այս գործողությունները մի նպատակ ունեն․ կոտրել սեփական հայրենիքում ապրելու ԼՂ բնակչության կամքը․ «Ինչը հավատում ենք, որ ակնոտրում է։ Մենք պետք է ավելի ու ավելի մեծացնենք մեր ջանքերը՝ ԼՂ-ում ծայր առած, հիմա արդեն բնապահպանական ճգնաժամի վրա միջազգային ուշադրություն կենտրոնացնելու վրա»։ 

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, ԼՂ-ում հաստատված հումանիտար և բնապահպանական ճգնաժամը ավելի ինստիտուցիոնալ միջազգային քննարկման առարկա դառնան․ «Միայն միջազգային հանրության չնվազող ակտիվությունն է Ադրբեջանի ագրեսիվությունը և սադրիչ գործելակերպը զսպելու եղանակ»։

  • Կիսվել: