երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ԼՂ բեռների մուտքի արգելքն առավել հավաստի է դարձնում ԼՂ հայությանը ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության մասին հայտարարությունները. Փաշինյան

ԼՂ բեռների մուտքի արգելքն առավել հավաստի է դարձնում ԼՂ հայությանը ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության մասին հայտարարությունները. Փաշինյան

«Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը շարունակվում է խորանալ ու ծավալվել: 2022 թվականի դեկտեմբերից Ադրբեջանը Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման միջոցով արգելել էր կոմերցիոն մատակարարումները դեպի ԼՂ: ԼՂ-ում գործող խանութները, դեղատները 2022 թվականի դեկտեմբերից իրենց վաճառքի տեսականու արտաքին մատակարարում ընդհանրապես չեն ունեցել»,- այս մասին այսօրվա Կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Շարունակելով արգելափակված Լաչինի միջանցքի հարցի մասին խոսել՝ վարչապետը նշեց. «Սույն թվականի հունիսի 15-ից Ադրբեջանն արգելափակել է նաև դեպի ԼՂ հումանիտար բեռների՝ այդ թվում մանկական սննդի և դեղորայքի մատակարարումները ԿԽՄԿ-ի միջոցով: ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի պայմաններում ԼՂ ժողովրդին աջակցության ՀՀ կառավարական աշխատանքային խումբը դեռևս սույն թվականի հուլիսի 26-ին դեպի ԼՂ հումանիտար բեռներ ուղարկելու որոշում էր կայացրել և դեպի ԼՂ ուղևորված 19 բեռնատար ավտոմեքենաները շարունակում են կանգնած մնալ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի հատվածում Լաչինի միջանցքի մոտ: Ուզում եմ հիշեցնել, որ այդ 19 բեռնատարների պարունակությունը հետևյալն է՝ 100 տոննա ալյուր, 80 տոննա մակարոնեղեն, 60 տոննա շաքարավազ, 40 տոննա բուսական յուղ, 40 տոննա կաթի փոշի, 20 տոննա աղ, 12 տոննա մանկական կեր, 9 տոննա դեղորայք, ընդհանուր առմամբ 361 տոննա: Բեռի այս պարունակությունը հավաստվել է ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին և ցանկացած պահի կարող է վերահաստատվել Կոռնիձորում արդեն 16 օր կայանված բեռնատարների զննմամբ: Հետագայում հումանիտար շարասյանը միացել են ևս երկու բեռնատար՝ 9 տոննա քաղցրեղեն՝ 33 անուն կոնֆետներ և թխվածքաբլիթ, արտադրող ընկերության կողմից և 1 բեռնատար՝ 25 տոննա մակարոնեղենով, Փարիզի քաղաքապետի և Ֆրանսիայի մի քանի երկրամասերի վարչական ղեկավարների անունից: Հումանիտար բեռների մուտքը ԼՂ արգելափակելուն չի տրվում ոչ մի բացատրություն: Ադրբեջանի այս գործելակերպը՝ հումանիտար բեռների մուտքը ԼՂ արգելափակելու, եթե չդիտարկենք ԼՂ հայությանը ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի բացահայտ քաղաքականության համատեքտում, եթե այս հանգամանքը մի կողմ դնենք, ապա այլ բացատրություն չկա: Ավելի ճիշտ ԼՂ բեռների մուտքի արգելքն առավել հավաստի է դարձնում ԼՂ հայությանը ցեղասպանության ենթարկելու Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության մասին հայտարարությունները»:

  • Կիսվել: