երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված գիտաժողով Ֆրանսիայում՝ «Շուշին՝ Կովկասի մարգարիտ» խորագրով

Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված գիտաժողով Ֆրանսիայում՝ «Շուշին՝ Կովկասի մարգարիտ» խորագրով

Դեկտեմբերի 11-12-ին Ֆրանսիայի «Արևելյան լեզուների և քաղաքակրթությունների ազգային ինստիտուտում» («INALCO») տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված՝ «Շուշին՝ Կովկասի մարգարիտ» խորագրով երկօրյա գիտաժողով, որով պաշտոնապես մեկնարկվել է «Հայկական հուշարձանների ժառանգության փաստագրման և պահպանման» հնգամյա ծրագիրը՝ «Հիշատակարան» նախագծի նախաձեռնությամբ, «INALCO» հիմնադրամի հետ համագործակցությամբ, «Հակամարտության գոտիներում պատմամշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի» (ALIPH) ու «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։

Համաժողովին խոսքով են հանդես եկել Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ Պիեր Ուզուլիասը, Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, «INALCO» ինստիտուտի նախագահ Ժան-Ֆրանսուա Հյուշեն և «INALCO» հիմնադրամի նախագահ Ֆիլիպ Ադվանին, Ֆրանսիայի պատմամշակութային ժառանգության ինստիտուտի տնօրեն Շառլ Պերսոնան, ինչպես նաև «ALIPH»-ի և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի ներկայացուցիչները։

ՀՀ դեսպանն իր խոսքում մեծապես արժևորել է Հայկական հուշարձանների ժառանգության պահպանմանն ուղղված ծրագրի իրականացումը ու շնորհակալություն հայտնել «INALCO» հիմնադրամին, «ALIPH»-ին և «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամին նման ծրագրին սատարելու համար։

Իր խոսքում Հայաստանի դեսպանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդին իր բնօրրանում էթնիկ զտման ենթարկելուց հետո պատմական և կրոնական ժառանգության ոչնչացման վտանգին, վերջին տասնամյակների ընթացքում Ադրբեջանի կողմից իրականացված հայկական մշակութային ժառանգության ոչնչացման և աղճատման քաղաքականությանը, Նախիջևանում հայկական մշակութային ողջ ժառանգության բնաջնջման իրողությանը։

Համաժողովի ընթացքում զեկույցներով հանդես են եկել «INALCO»-ի պրոֆեսոր-հետազոտող, «Հիշատակարան» նախագծի հիմնադիր Աննա Լեյլոյան-Եկմալյանը, պատմամշակութային ժառանգության ոլորտի՝ Հայաստանից հրավիրված և ֆրանսիացի մասնագետներ։ Ներկայացվել են զեկույցներ «Շուշիի և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանության», «Շուշին 19-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին որպես մշակույթի և մտավորականության քաղաք», «Շուշիի պատմական և մշակութային ժառանգությունը՝ Ադրբեջանի թիրախի ներքո», «Շուշին որպես կրթական և հոգևոր կենտրոն Արցախի թեմում և Սուրբ Էջմիածնի առաքելությունը Արցախի մշակութային ժառանգության պահպանման գործում» թեմաներով։

Տեղեկատվություն․ «Հայկական հուշարձանների ժառանգության փաստագրման և պահպանման» հնգամյա ծրագրով նախատեսվում է ստեղծել ակադեմիական անկախ հարթակ, որը հնագետների, ճարտարապետների, մշակութային մարդաբանության ու հայագիտության մասնագետների և թարգմանիչների աջակցությամբ կապահովի գիտականորեն ուսումնասիրված փաստագրական տվյալների հավաքագրում: Ծրագրի հիմնական նպատակն է հայկական հուշարձանների ժառանգության պահպանման նպատակով բացահայտել, քարտեզագրել և գույքագրել հուշարձանները՝ հինգ տարվա ընթացքում պատրաստելով վտանգի տակ գտնվող հայկական մշակութային ժառանգության վայրերի ու հուշարձանների վերաբերյալ շուրջ երկու հազար թվային «անձնագրեր»:

  • Կիսվել: