Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը պետք է որոշի իր ճակատագիրը, ոչ թե Հայաստանի կառավարությունը. Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծում է, որ դեռևս 2018 թվականից Հայաստանի իշխանության դիրքորոշումը եղել է այն, որ Հայաստանի կառավարություն չէ, որ պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը: Վարչապետն այս մասին ասաց հունվարի 10-ին հրավիրված ասուլիսի ընթացքում:
«Այսօր մեր խնդիրն է, որ մենք աջակցենք, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, հայությունը շարունակի ապրել Լեռնային Ղարաբաղում, շարունակի մնալ հայ, իրեն համարի հայ, ղարաբաղցի, արցախցի և հնարավորություն ունենա ապրել անվտանգ միջավայրում։ Մեծ հաշվով, դեռ 2018 թվականից մեր դիրքորոշումը եղել է այն, որ Հայաստանի կառավարությունը չէ, որ պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը և հարաբերությունները։ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ինքը պետք է որոշի և պետք է հաղորդակցության մեջ լինի, այդ թվում՝ Ադրբեջանի իշխանությունների հետ»,- ասաց Փաշինյանը և հավելեց․
«Իրենք պետք է որոշումներ կայացնեն և մենք կաջակցենք մեզ հասու բոլոր հնարավոր միջոցներով։ Մենք այսօր ի՞նչ ենք անում, ապահովում ենք հումանիտար հարցերով, նաև ֆինանսական հարցերով, ինչով կարողանանք կաջակցենք։
Մեր դիրքորոշումը միշտ եղել է դա, կարծում ենք պրոբլեմներից մեկը, որն իրական ազդեցություն է ունեցել հետագա իրադարձությունների վրա, որ մենք ԼՂ ներկայացուցիչներին բանակցային գործընթացից մի կողմ ենք դրել և ասել ենք մենք կորոշենք իրենց փոխարեն։ Ո՛չ մենք չենք կարող որոշել իրենց փոխարեն, մենք պետք է զբաղվենք Հայաստանի հարաբերությունների հարցերով, ԼՂ ժողովրդի ներկայացուցիչները պետք է զբաղվեն ԼՂ հարցով, մենք էլ նրանց պետք է աջակցենք։ Սա է մեր դիրքորոշումը»,-ասաց նա։