ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լաչինի միջանցքը ոչ միայն ճանապարհ է, այլև 5 կիլոմետրանոց անվտանգության գոտի. Արարատ Միրզոյան

Լաչինի միջանցքը ոչ միայն ճանապարհ է, այլև 5 կիլոմետրանոց անվտանգության գոտի. Արարատ Միրզոյան

Նախ և առաջ, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է, որով նախատեսվում է, որ Ադրբեջանը «երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»։ Այս մասին «AlQahera News»-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Նրա խոսքով՝ կարելի էր ենթադրել, որ Արդարադատության միջազգային դատարանի` փետրվարի 22-ին ընդունած՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումը կարող է լուծել իրավիճակը, քանի որ դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժն ապահովելու համար։

՛՛Ցավալի է, որ դատարաի այդ որոշումը դեռ կյանքի չի կոչվել՛՛,-նշել է նախարարը:

Նա նաև ընդգծել է, որ Լաչինի միջանցքը ոչ միայն ճանապարհ է, այլև 5 կիլոմետրանոց անվտանգության գոտի. ՛՛Այսպիսով, մարտի 5-ին Լաչինի միջանցքում իրականացված ադրբեջանական դիվերսիան, որի մասին արդեն նշեցի, ոտնահարել է ոչ միայն հրադադարի պայմանավորվածությունը, այլ նաև խախտել շփման գիծը և միջանցքի անվտանգության գոտին։

Ստեղծված պայմաններում ես կցանկանայի ընդգծել միջազգային հանրության ակտիվ ներգրավվածության և Ադրբեջանի նկատմամբ ճնշման հրամայականը՝ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը կատարելու և արգելափակումը վերացնելու ուղղությամբ: Հայաստանը հանդես է եկել Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելություն ուղարկելու կոչով՝ տեղում իրավիճակը գնահատելու համար։ Գաղտնիք չէ նաև, որ նման առաքելության առաջարկը բազմիցս մերժվել է Ադրբեջանի կողմից՝ ակնհայտորեն ցուցադրելով միջազգային հանրությանը առջև թափանցիկ և հաշվետու լինելու Ադրբեջանի ղեկավարության պատրաստակամության բացակայությունը՛՛:

Խոսելով այն մասին, թե կա՞ որևէ երկխոսություն կամ միջազգային ներգրավվածություն Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջ՝ Միրզոյանը նշել է, որ գրեթե երեք ամիս շարունակ Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղը կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակմանը և Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն զուգահեռ, Ադրբեջանը շարունակում է ահաբեկել Լեռնային Ղարաբաղի հայերին՝ ստեղծելով սեփական հայրենիքում ապրելու համար անմարդկային պայմաններ և վերջնանպատակ ունենալով իրականացնել էթնիկ զտումներ:

Ըստ նրա՝ մարդասիրական ճգնաժամին զուգահեռ, Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հրահրել է նաև էներգետիկ ճգնաժամ: Ձմռան ցուրտ պայմաններում, Ադրբեջանի իշխանությունները պարբերաբար խաթարել և շարունակում են խաթարել գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը:

՛՛Ադրբեջանի գործողությունները, ինչպես նաև ագրեսիվ և առավելապաշտական ​​հռետորաբանությունն ապացուցել են միջազգային ներգրավվածության բացարձակ անհրաժեշտությունը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրները հասցեագրելու, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների բացահայտ փորձերը կանխելու նպատակով։ Միջազգային հանրության, այդ թվում՝ արաբական աշխարհում մեր գործընկերների և բարեկամների դիրքորոշումը պետք է լինի հստակ՝ ընդդեմ ևս մեկ ցեղասպանության նախապատրաստմանն ուղղված ցանկացած գաղափարախոսության և գործողության. միջազգային համակարգը չի կարող թույլ տալ նմանատիպ հերթական ձախողումը։

Ամփոփելով նշեմ, որ չնայած բոլոր ռիսկերին և իմ երկրի շուրջ ստեղծված փխրուն իրավիճակին, Հայաստանը մնում է վճռական՝ կայուն տարածաշրջանի ստեղծմանն իր նպաստը բերելու հարցում. տարածաշրջան, որտեղ խաղաղ ապրելը չի լինի պարզապես երազանք մեր սերունդների համար՛՛,-ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:

  • Կիսվել: