շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է հասցեական դատապարտվի միջազգային գործընկերների կողմից. Հակոբ Արշակյան

Լաչինի միջանցքի շրջափակումը պետք է հասցեական դատապարտվի միջազգային գործընկերների կողմից. Հակոբ Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը փետրվարի 16-ին հանդիպել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Յուն Ֆանի հետ: Հանդիպմանը մասնակցել է Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամ Բաբկեն Թունյանը:

Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Չինաստանը Հայաստանի կարևոր գործընկերներից է և հավելել՝ երկու ժողովուրդների միջև պատմական բարեկամությունը և պետությունների միջև հարաբերությունները բազմակողմանի զարգանում են: Երկկողմ փոխգործակցության շրջանակում ԱԺ փոխնախագահն ընդգծել է միջխորհրդարանական համագործակցության դերն ու մասնավորապես բարեկամական խմբերի գործուն նշանակությունը:

Անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակմանը և դրա պատճառով առաջացած հումանիտար հետևանքներին՝ ԱԺ փոխնախագահը հիշեցրել է, որ նման քայլը հակասում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կատարմանը, և դա պետք է հստակ ու հասցեական դատապարտվի միջազգային գործընկերների կողմից:

Դեսպանը կարևորել է խնդրի կարգավորումը խաղաղ և դիվանագիտական ճանապարհով: Նա նշել է, որ պատրաստ են միջազգային կազմակերպությունների հետ աջակցել հարցի լուծմանը:

Որպես ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար՝ Բաբկեն Թունյանն անդրադարձել է տնտեսական համագործակցությանը և խոսել չինական գործարար համայնքի կողմից Հայաստանում ներդրումներ կատարելու կարևորության մասին: Պատգամավորը հիշեցրել է, որ այս տարի նախատեսվում է բարձր տնտեսական աճ և պետության կողմից կապիտալ ծրագրերի ակտիվացում: Բաբկեն Թունյանն անհրաժեշտ է համարել հետագա անելիքների հստակեցումը և առաջիկա գործողությունների նախնական ճանապարհային քարտեզ ունենալը:

Անդրադարձ է եղել խորհրդարանական մակարդակում բարեկամական խմբերի աշխատանքին, որը կնպաստի տարբեր ոլորտներում առկա համագործակցության զարգացմանը:

Հանդիպման ընթացքում ՉԺՀ դեսպանը կարևորել է խորհրդարանական շփումների ակտիվացումը՝ հաշվի առնելով, որ Չինաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման հետ կապված սահմանափակումները մեղմացվել են:

Որպես ԱԺ Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար՝ Հակոբ Արշակյանը երկկողմ համագործակցության ամրապնդման ուղղությամբ առավելագույն ջանքեր գործադրելու պատրաստակամություն է հայտնել:

  • Կիսվել: