երկուշաբթի, հունիս 3
3 / 6 / 2024
Կշարունակեմ նպաստել Լաչինի միջանցքի և հնարավոր գերիների առնչությամբ Ստրասբուրգի դատարանի սահմանած ժամանակավոր միջոցների իրականացմանը․ Բուրիչ

Կշարունակեմ նպաստել Լաչինի միջանցքի և հնարավոր գերիների առնչությամբ Ստրասբուրգի դատարանի սահմանած ժամանակավոր միջոցների իրականացմանը․ Բուրիչ

«Կշարունակեմ նպաստել Լաչինի միջանցքի և հնարավոր գերիների առնչությամբ Ստրասբուրգի դատարանի սահմանած ժամանակավոր միջոցների իրականացմանը»․  Այս մասին ասել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանին ուղղված պատասխան նամակում։
 
Պատգամավորը ահազանգել էր, որ Ադրբեջանը չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի պահանջը, այն է՝ երաշխավորել Բերձորի միջանցքով երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը։
 
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը պատասխան նամակում հավաստիացնում է, որ օգտագործում է բոլոր հասանելի հնարավորությունները՝ վճռականորեն խրախուսելու Հայաստանին և Ադրբեջանին՝ լիարժեքորեն հավատարիմ մնալ երկխոսությանը և առաջնահերթ լուծել կոնֆլիկտին առնչվող՝ մարդու իրավունքների և հումանիտար բոլոր առկա խնդիրները։
 
Այդ իմաստով տիկին Բուրիչը նշել է, որ կշարունակի նպաստել Լաչինի միջանցքի և հնարավոր գերիների առնչությամբ Ստրասբուրգի դատարանի սահմանած ժամանակավոր միջոցների իրականացմանը։
 
«Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտեցման ջանքերին կողմերի միջև վստահության կառուցման գործիքակազմով՝ նպատակ հետապնդելով հասնել կայուն խաղաղության տարածաշրջանում», - եզրափակել է ԵԽ գլխավոր քարտուղարը։
 
 
  
 

  • Կիսվել: