կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Կոչերով անհնար է զսպել Ադրբեջանի նման ռազմատենչ եւ հանցավոր կեցվածքը. Արցախի ԱԳ նախարարի արձագանքը

Կոչերով անհնար է զսպել Ադրբեջանի նման ռազմատենչ եւ հանցավոր կեցվածքը. Արցախի ԱԳ նախարարի արձագանքը

Կոչերով անհնար է զսպել Ադրբեջանի նման ռազմատենչ եւ հանցավոր կեցվածքը: Այս մասին NEWS.am-ին տված արձագանքում նշել է Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը:

«Վերջին շրջանում ամենօրյա ռեժիմով Ադրբեջանական կողմը իրականացրել է բանակային տեղաշարժեր եւ տարբեր զինատեսակների կուտակումներ, որոնք ուղեկցվել են ինտեսիվ տեղեկատվական-քարոզչական աշխատանքներով՝ հող նախապատրաստելով Արցախի դեմ լայնածավալ ագրեսիայի համար:

Արցախյան կողմը շարունակաբար բոլոր դերակատարներին նախազգուշացրել է 2020 թ. պատերազմից հետո Ադրբեջանի կողմից աննախադեպ ռազմական ուժի կուտակումների անհերքելի փաստի եւ հնարավոր սադրանքների մասին, այդ թվում՝ լայնամասշտաբ ռազմական գործողությունների կանխման ակնկալիքով:

Ինչպես տեղյակ եք՝ վերջին 24 ժամվա ընթացքում ադրբեջանական կողմը ապատեղեկատվություն է տարածել, որ իբր թե արցախյան կողմը դիվերսիոն գործողությունների է իրականացրել, հրետակոծության ենթարկել ադրբեջանական դիրքերը:

Իսկ քիչ անց նրանք տարածել են տեղեկատվություն, որ սկսել են այսպես կոչված «հակաահաբեկչական գործողություն», ինչը վկայում է նրա մասին, որ այս բոլոր քայլերը նախապես ծրագրավորված են եղել: Սա լրիվությամբ տեղավորվում է վերջին ամիսների ընթացքում հայկական կողմի՝ Արցախի եւ նրա ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի ցեղասպանական գործողությունների մասին հաղորդումներին:

Այժմ մենք ականատեսն ենք, թե ինչպես է Ադրբեջանը իր ցեղասպան քաղաքականության իրականացման գործում անցնում խաղաղ բնակչության ֆիզիկական բնաջնջմանը եւ քաղաքացիական օբյեկտները ոչնչացնելու գործողություններին:

Միջազգային դերակատարներին բազմիցս հայտնել ենք, որ կոչերով անհնար է զսպել Ադրբեջանի նման ռազմատենչ եւ հանցավոր կեցվածքը: Մենք պահանջում ենք, որ միջազգային հանրությունը շատ կարճ ժամանակահատվածում գործուն քայլեր ձեռնարկի՝ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու համար»,- նշվում է նախարարի արձագանքում:

  • Կիսվել: