կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Կիչանում աճել են մշակաբույսերի ցանքսի ծավալները. համայնքապետն անդրադառնում է խնդիրներին ու առօրյային

Կիչանում աճել են մշակաբույսերի ցանքսի ծավալները. համայնքապետն անդրադառնում է խնդիրներին ու առօրյային

Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Կիչան համայնքի հողատարածքների մի մասը, անվտանգության նկատառումներից ելնելով, մնացել է անմշակ։

 Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Կիչանի համայնքապետ Արտո Հակոբյանը։ «Քանի որ վարելահողերի մի մասը գտնվում է ադրբեջանցիների ուղիղ նշանառության տակ, և նրանք ամեն կերպ խանգարում են մեր աշխատանքին, այդ հողատարածքները չենք կարողացել մշակել։ Եղած հողերում գարնանացան մշակաբույսերից հաճար և կարտոֆիլ ենք ցանել։ Նախորդ տարվա համեմատ՝ այս տարվա կարտոֆիլի և հաճարի ցանքսի ծավալները բավականին մեծ են։ Եթե կարկուտ չտեղա, բերքը լավ կլինի»,-մանրամասնել է Ա. Հակոբյանը։

Նա նշել է, որ գյուղում զբաղվում են նաև ջերմոցների մշակմամբ։ Ցանել են լոլիկ, վարունգ, տաքդեղ, լոբի. այն ամենը, ինչ անհրաժեշտ է գյուղացուն՝ շրջափակված պայմաններում փոքր-ինչ լուծում տալու պարենամթերքի խնդրին։

Нет описания.

Մեր զրուցակցի խոսքով՝ գյուղի արոտավայրերը շատ մոտ են թշնամու դիրքերին։ Այդ պատճառով էլ, մոտենալով տարածքներին, կենդանիները կորչում են։ Գերակշռում է մանր եղջրավորների գլխաքանակը։ «Չնայած այդ ամենին՝ այստեղ կյանքը շարունակվում է։ Կիչանում երեխաներ են ծնվում, նրանց ծնողներն էլ ամուր կառչած են այս հողին։ Գիտակցում են՝ սա է մեր հայրենիքը»,֊ ընդհանրացրել է համայնքի ղեկավարը։

  • Կիսվել: