ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
«Խանութները լրիվ դատարկ են, կարտոֆիլ ու ձեթ չունենք». արցախցի բազմազավակ ընտանիքը ծայրը ծայրին հազիվ է հասցնում

«Խանութները լրիվ դատարկ են, կարտոֆիլ ու ձեթ չունենք». արցախցի բազմազավակ ընտանիքը ծայրը ծայրին հազիվ է հասցնում

Շուշիից տեղահանված Համբարձումյանների բազմազավակ ընտանիքը բնակվում  է Արցախում մեծ տան փոքրիկ սենյակում. Ցրտաշունչ  ձմեռային երեկոներին տան ջերմությունն ապահովում է միակ փայտե վառարանը:

«Այ հենա Շուշին: Ամեն օր մեքենան գալիս էր, հիմա էլ չի կարողանում գալ, թուրքերը փակել են ճանապարհը»,-պատմում է տան փոքրիկներից մեկը՝ ցույց տալով հեռվում երեւացող Շուշին:

Հինգ անչափահաս երեխաների մայրը՝ Կարինեն պատմում է. «Տան երկու սենյակը փակ ենք պահում, մենք մի սենյակում ենք տեղավորվել, որ տաքանա: Ամեն ինչն էլ պակաս է, տանը ոչ մի բան չկա: Ներկա պահին ձեթ չունենք, պեսոկ չունենք, կարտոֆիլ չկա, խանութները լրիվ դատարկ են: Խանութում ոչ մի բանը մեկ կիլոյից ավել չէին տալիս, ծխախոտը հատով են տալիս: Մամաս գյուղից ուղարկել է՝ կարտոֆիլ, փոքր աղջիկս առանց կարտոֆիլ չի կարողանում: Երեխայի տակդիր չկա, ամսական 2 բլոկ օգտագործում էինք: Հիմա չունենք: Դեղորայք էլ չունենք:

Ամուսինս պայմանագրային զինծառայող էր, ամեն ինչ ունեինք, հիմա ամեն ինչ թողել ենք, եկել էստեղ: Փոքրս քառասունքում էր, որ Շուշիից դուրս ենք եկել»:

Սահմանափակ  ռեսուրսներով սահմանափակված պայմաններում գոյատևելու համար ընտանիքին մեծապես աջակցում է Կարինեի մայրը, ով սեփական այգուց ստացած գյուղական բերքից ուղարկում է դստերը:

«Ամանորին չենք պատրաստվում, այս պահին միայն մտածում եմ, թե ինչ լինի, որ երեխեքն ուտեն»,-ասում է Կարինեն:

Ըստ News.am-ի

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: