երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Կհաղթահարենք նաև այս պայքարը. Մարտի 8-ի խորհուրդն Արցախում ապրող և արարող կնոջ համար

Կհաղթահարենք նաև այս պայքարը. Մարտի 8-ի խորհուրդն Արցախում ապրող և արարող կնոջ համար

Կինը կենսատու և տիեզերական ուժ ունի, որը կարող է աշխարհը դարձնել բարի, գեղեցիկ, ազնիվ ու արդար։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի պետական համալսարանի հանրային կապերի և լրատվության բաժնի վարիչ, գրականագետ  Զարինե Սառաջյանը՝ անդրադառնալով օրվա խորհրդին:
 
«Կան տոներ, որոնք ժողովրդի մեջ արմատավորվել և ավանդույթի ուժ են ստացել։ Այդպիսինն է նաև Մարտի 8-ը։ Անձամբ կողմ եմ, որպես Մայրության և կանանց տոն, նշելու ապրիլի 7-ը, բայց ավանդույթն իրենը թելադրում է։
 
Մեծ է հայ կնոջ դերն ընտանիքում համերաշխության, ներդաշնակության ու փոխադարձ սիրո, ըմբռնման մթնոլորտ ստեղծելու և պահպանելու գործում։ Ցավոք, պատերազմի հետևանքով միայնակ մնացած բազմաթիվ  հայ կանանց ուսերին ծանրացան նաև ընտանիքի սոցիալական հոգսերը, որ վերապահված են հայրերին ու ամուսիններին։ Ուժ և կորով, անկոտրում կամք ու  համբերություն եմ մաղթում պատերազմում ամուսին կորցրած կանանց, որդեկորույս մայրերին։ Հայ կինն այսօր նաև լավ մասնագետ է, հասարակության ու պետության կայացման գործում իր անուրանալի դերն ունի։ Մաղթում եմ արժանապատիվ խաղաղություն մեր երկրին և հայրենիքում ապրելու ու արարելու հնարավորություն մեր ժողովրդին»,-ասել է Զ.Սառաջյան:
 
Ասկերանի շրջանի Այգեստան համայնքի պետական մանկապարտեզի տնօրեն Անահիտ Բարսեղյանի համոզմամբ՝ Մարտի 8-ի խորհուրդն  ընդգրկում է նաև կնոջ ակտիվ դերը հանրային կյանքում,  պայքարն իր իրավունքների և ազատ կամքի դրսևորման համար, ինչը մեծապես նպաստում է առողջ հասարակության և կենսունակ միջավայրի ստեղծմանն ամենատարբեր ոլորտներում:
 
Հայ կինը պատմության ընթացքում կարողացել է հաղթահարել տարբեր մարտահրավերներ: Ես համոզված եմ, որ կհաղթահարենք նաև ներկայիս պայքարը, քանի որ մեծ է հայ կնոջ  դերը հասարակական կյանքում»,-համոզմունք է  հայտնել Ա. Բարսեղյանը՝  շնորհավորելով  հայ կանանց տոնի առթիվ  և  մաղթելով խաղաղություն, երջանկություն, արարելու ուժ ու տոկունություն:
 

  • Կիսվել: